շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեում վերջապես ըմբռնել են, որ ինձ հարցաքննելը նպաստելու է իրականության բացահայտմանը․ Արսեն Թորոսյան

Հակակոռուպցիոն կոմիտեում վերջապես ըմբռնել են, որ ինձ հարցաքննելը նպաստելու է իրականության բացահայտմանը․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում արձագանքել է Քովիդի ընթացքում ենթադրյալ չարաշահումների գործով իրեն հարցաքննության հրավիրելու մասին հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտարարություններին։

«Ուրախ եմ, որ իմ մի քանի ամիս շարունակ արված կոչերից հետո հակակոռուպցիոն կոմիտեում վերջապես ըմբռնել են, որ ինձ հարցաքննելը նպաստելու է գործի անաչառ քննությանը և իրականության բացահայտմանը։

Եվ քանի որ կոմիտեի նախագահի արտահայտություններից պարզ է դառնում, որ նա տեղյակ է քննության մանրամասներից, հույս ունեմ նրան անձամբ տեսնել իմ հարցաքննության ժամանակ, որպեսզի պատասխանեմ իրեն հետաքրքրող հարցերին և արտահայտեմ անցյալում քանիցս գործով արտահայտած վերաբերմունքս պետական միջոցների վատնման, ինչպես նաև առանց բավարար ապացույցների մարդկանց մեղադրանքներ առաջադրելու և հանրային հնչեղություն ունեցող ենթադրյալ հանցագործությունների մասին հանրության մոտ սխալ պատկերացումներ ձևավորելու արատավոր պրակտիկայի նկատմամբ»,– ասաց Արսեն Թորոսյանը՝ Radar Armenia-ի հարցին ի պատասխան։

Oրերս Սասուն Խաչատրյանն ասել էր, թե «Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետև Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը։ Պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի»։

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, որ հետո ազատ էր արձակվել։

  • Կիսվել: