հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջան պետության անկյունաքարը. Քուվեյթում ՀՀ դեսպան

Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջան պետության անկյունաքարը. Քուվեյթում ՀՀ դեսպան

Քուվեյթի «al-seyassah.com» կայքը տպագրել է Քուվեյթում ՀՀ դեսպանության՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան բախումների վերաբերյալ հայտարարությունը: Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու փաստերի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, տավուշյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությանը և սպառնացել ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները, Hermes-900 և այլ տեսակի ԱԹՍ-ներ կիրառել, որոնք հայկական կողմը արդյունավետ ոչնչացրել է: Այս մասին գրում է regionmonitor-ը։ 

«Ադրբեջանը շարունակում է Սիրիայից  ահաբեկիչների հավաքագրել և ուղարկել Կովկաս՝ խաղաղ հայ բնակչության դեմ: Ադրբեջանը  և իր դաշնակից Թուրքիան հուլիսի վերջին լայնածավալ զորավարժություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով՝ սպառնալով ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Ադրբեջանական ագրեսիան միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է՝ հաշվի առնելով նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ COVID19 համավարակի պայմաններում ամբողջ աշխարհում անհապաղ հրադադար անելու կոչը»,-նշված է հայտարարության մեջ:

ՀՀ դեսպանությունը անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթին, որով վերջինս փորձել է իր ժողովրդին համոզել, որ պատերազմով կկարողանան լուծել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ խաղաղ բանակցությունները անօգուտ են:

«Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը հրապարակայնորեն արտահայտել է իր հավակնությունները ներկայիս Հայաստանի Հանրապետության հողերի, ներառյալ Սյունիքի մարզի և մայրաքաղաք Երևանի նկատմամբ: Սա ծիծաղելի է: Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջան պետության անկյունաքարը», -ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: