ՀԱԿ–ն ընդդիմադիր ուժերին առաջարկում է ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ
Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է Հայաստանում ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների սահմանափակման և անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց, նշված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ․
«1. Չնայած հանրային դեբատում արգործնախարար Միրզոյանի խոստովանությանը, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերն ընդունում են խաղաղության նախաստորագրած պայմանագիրը, իշխանության բոլոր ընդդիմախոսները հայտարարվել են «պատերազմի կուսակցություններ» և խաղաղության թշնամիներ։
2. Ընտրությունների ընթացքում կատարվել են խոշորածավալ, համակարգային ընտրախախտումներ, որոնց հետևանքով աղավաղվել է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը և խաթարվել պետական իշխանության լեգիտիմությունը։
3. Ընտրական օրենսգրքի 101 հոդվածի բացահայտ խախտումով և քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարմամբ ԿԸՀ-ի կողմից ընդունվել է ապօրինի որոշում Նիկոլ Փաշինյանի ուժին ևս չորս մանդատ շնորհելու մասին, ինչի արդյունքում Փաշինյանը ձեռք է բերել 3/5-րդից ավելի մեծամասնություն՝ էապես թուլացնելով նրա իշխանության զսպումներ ու հակակշիռների համակարգը։
4. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ՀՀ ներքին գործերի նախարարարության հետ համագործակցությամբ շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխության հակասահմանադրական նախագիծ, ըստ որի հանրաքվեներում և Ազգային Ժողովի ընտրություններում այսուհետև իրավունք կունենան քվեարկել միայն Հայաստանում վերջին տարում մշտապես բնակվող քաղաքացիները։ Օրենքի նախագծի նպատակն՝ է ՀՀ ընտրողների ընտրական ցուցակից հեռացնել մոտ կես միլիոն քաղաքացիների, ինչը թույլ կտա ռեժիմին էապես հեշտացնել Ադրբեջանի կողմից պարտադրվող և Փաշինյանի անձնիշխանությունը ամրապնդող սահմանադրական փոփոխությունների անցկացումը։
Ռեժիմի հեռահար նպատակն է՝ ամեն գնով ձևավորել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում և ընդունել այնպիսի սահմանադրություն, որը նրան թույլ կտա մի կողմից՝ կատարել Ադրբեջանի պարտադրանքը և վերացնել Հայաստանի անկախացման պետաիրավական հիմքերը՝ Անկախության հռչակագիրը, մյուս կողմից՝ վերջնականապես վերացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությանը խոչընդոտող հակակշիռների և զսպումների սահմանադրական մեխանիզմների վերջին մնացուկները։ Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ցինիկաբար օգտագործում է միջազգային համայնքի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստաման գործընթացին, փորձելով վերածել այն աջակցության՝ երկրում ավտորիտար հակադեմոկրատական ռեժիմ հաստատելու իր փորձերին։
Ստեղծված իրավիճակում Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է ժողովրդավարության և ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ։
Մենք առաջարկում ենք համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձևավորել «Ոչ»-ի շարժման միասնական ղեկավար մարմին և կազմակերպել համատեղ գործունեություն հետևյալ նպատակներով և ուղղություններով։
1. Անցկացնել ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ՝ ի աջակցություն 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային Ժողովի կեղծված ընտրությունների արդյունքների և դրա հետ կապված ռեժիմի ապօրինի որոշումների ու ակտերի բողոքարկման։
2. Սահմանադրականության շրջանակներում պայքար տանել երկրում հնարավորինս շուտ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, որը միակ հնարավորությունն է, որպեսզի հաղթահարվի պետական իշխանության ոչ֊լեգիտիմության առաջացրած ճգնաժամը։
3. Դիմակայել կեղծիքներով և բռնաճնշումներով սահմանադրական մեծամասնություն ստեղծելու ռեժիմի բոլոր ապօրինի փորձերին, ինչպես նաև նոր սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող Սահմանադրության 202 հոդվածի որևէ փոփոխության, որը կարող է իջեցնել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար Ազգային Ժողովի պատգամավորների անհրաժեշտ 2/3-րդ շեմը։
4. Մշակել համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի հիման վրա Սահմանադրության նոր նախագիծ, որն անհրաժեշտ իրավաքաղաքական կարգավորումներով հանդերձ կպահպանի հղումը Անկախության հռչակագրին և, մյուս կողմից, կստեղծի զսպումների և հակակշիռների սահմանադրական մեխանիզմներ, որոնք կապահովեն դատական իշխանության, քննչական մարմինների, ԿԸՀ-ի և հանրային այլ մամինների իրական անկախությունը գործադիր իշխանությունից՝ այսպիսով վերականգնելով ժողովրդավարության և քաղաքացիալական ազատությունների ինստիտուցիոնալ հիմքերը»։



