հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է ՀՀ-ին պահանջելու պատժամիջոցներ. դեսպան Պապիկյանի հարցազրույցը

ՀԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է ՀՀ-ին պահանջելու պատժամիջոցներ. դեսպան Պապիկյանի հարցազրույցը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հարցազրույց է տվել «Energy Inteligence» պարբերականին՝ «Մեծամորը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է Հայաստանին պահանջելու պատժամիջոցների կիրառում» վերտառությամբ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունն «Արմենպրես»-ին տրամադրել է հարցազրույցի որոշ հատվածների թարգմանաությունը եւ հարցի նախապատմությանը վերաբերող տեղեկություններ. «Հուլիսի 16-ին, հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնացել է հրթիռային հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին։

Այդ սպառնալիքն արձագանք գտավ Վիեննայում, որտեղ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հուլիսի 17-ին հայտագիր ներկայացրեց Գործակալության Գլխավոր տնօրենին՝ պնդելով, որ նման սպառնալիքը «հանդիսանում է Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության եւ ցեղասպան մտադրությունների բացահայտ դրսեւորում»։

Բաքուն շուտով պատասխանեց։ Հուլիսի 22-ին Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նշեց, որ «այդ հայտարարությունն արվել է Ադրբեջանի ցածրաստիճան պաշտոնյայի կողմից զգացմունքային ֆոնի վրա։ Այն որեւէ կերպ չի արտահայտում Ադրբեջանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը»։

Հուլիսի 24-ին Ադրբեջանը ներկայացրեց պաշտոնական պատասխան, որով մերժում էր «հայկական կողմի շահարկումները»՝ նշելով, որ Ադրբեջանը երբեւէ չի ծրագրել հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա»։ Հուլիսի 30-ին «Energy Intelligence» պարբերականի լրագրող Ֆիլ Շաֆֆին զրուցել է ԱԷՄԳ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հետ այս հարցի վերաբերյալ (առնչվող)»։

Ստորեւ ներկայացվում են հարցազրույցից որոշ հատվածները։

Ի՞նչ արձագանք է Հայաստանը ստացել ԱԷՄԳ-ից եւ անդամ այլ երկրներից հուլիսի 17-ի իր հայտագրի առնչությամբ։

Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքը հնչել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնյայի, մասնավորապես նախարարության խոսնակի կողմից, եւ այն տեղի է ունեցել Հայաստանի դեմ ձեռնարկված ռազմական հարձակման ընթացքում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը որեւէ կերպ չի խորշում քաղաքացիական օբյեկտները թիրախավորելուց՝ մենք ծայրահեղ լրջությամբ ընդունեցինք այդ սպառնալիքը։ Այդ պահից սկսած Հայաստանը ձեռնարկել է մի շարք քայլեր այդ սպառնալիքի վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Ինչպես գիտեք, ես հանդիպում եմ ունեցել ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ եւ տեղեկացրել նրան տեղում տիրող իրավիճակի եւ այդ համատեքստում Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու աննախադեպ սպառնալիքի վերաբերյալ։ Դուք ունեք նաեւ մեր պաշտոնական հայտագիրը, վստահ եմ այն կարդացել եք, եւ, իհարկե, մենք տարածել ենք այդ հայտագիրը բոլոր անդամ երկրների շրջանում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության նման ռազմատենչ եւ ծայրահեղ վտանգավոր հայտարարության վերաբերյալ ահազանգելու եւ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Մենք այդ հարցը քննարկել ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես, իրենց օտարերկրյա գործընկերների հետ ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի շփումների ընթացքում։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք նաեւ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում (Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն) եւ Եվրոպայի խորհրդում։ Նպատակն էր միջազգային հանրությանն ահազանգել մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ միջազգային կայունությանը սպառնացող այդ մարտահրավերի վերաբերյալ, եւ մենք հաստատակամ ենք բարձրացնելու այդ հարցը բոլոր հնարավոր մակարդակներում, քանի դեռ չենք ստացել Բաքվի կողմից նման մտադրության պաշտոնական հերքում։

Ի՞նչ քայլեր եք ակնկալում ԱԷՄԳ-ից։

Կարծես թե, առկա է ընդհանուր համաձայնություն, ընդհանուր կոնսենսուս բոլոր միջուկային կառույցների նկատմամբ ռազմական հարձակումների անթույլատրելիության, ինչպես նաեւ այդ նպատակով միջազգային կանոնակարգերի եւ նորմերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։ Այդուհանդերձ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այդ ոլորտում առավել համապարփակ միջազգային նորմերի ընդունման համար։

Ես կարծում եմ, որ ԱԷՄԳ-ն այս հարցում առանձնահատուկ դերակատարում ունի, հատկապես, երբ նման սպառնալիքը հնչում է գործակալության անդամ երկրի կողմից։ Ավելին, մի երկրի կողմից, որը ներկայումս զբաղեցնում է Կառավարիչների խորհրդի անդամի պաշտոնը (ԱԷՄԳ-ում) ընդհուպ մինչեւ այս տարվա սեպտեմբեր ամիսը եւ հանդիսանում է այդ մարմնի փոխնախագահը։ Սա հատկապես մտահոգիչ է։ Դուք գիտեք, որ 1987թ․ ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսն ընդունել է բանաձեւ՝ քաղաքացիական նշանակության միջուկային օբյեկտները զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ։ Այսպիսով մենք ունենք այս փաստաթուղթը։ Բայց հարցը կայանում է նրանում, որ մենք կարծում ենք, որ ակնհայտորեն կարիք կա շարունակելու աշխատանքն այդ բանաձեւի հենքի վրա նորմերի մշակման եւ այն առավել հասցեական դարձնելու համար, որն, ըստ էության, պակաս քաղաքականացված կլինի եւ առավել գործնական։ Եվ ինչու՞ չունենալ հղում հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին նրանց նկատմամբ, որոնք խաղաղ միջուկային օբյեկտների դեմ հարձակումը դիտարկում են որպես տարբերակ։ Դա, իհարկե, բավականին երկար ժամանակ կպահանջի, բայց մենք հաստատակամ ենք շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը։

Որքանո՞վ են մյուս անդամ երկրները հակված 1987 բանաձեւի առավել խստացման գաղափարին, եւ այդ համատեքստում պատժամիջոցների նախատեսման հնարավորությանը։

Դուք գիտեք, որ ներկայումս ԱԷՄԳ համար ամենալավ ժամանակները չեն։ Առկա են բազմաթիվ գործընթացներ։ Ինչպես գիտեք, նախկինում եւս եղել են ատոմակայանները թիրախավորելու փորձեր, հայտարարություններ կամ սպառնալիքներ. եթե անդրադառնանք պատմությանը, ապա կարող ենք հիշել մի շարք դեպքեր։ Սակայն, մինչ օրս մենք ձախողել ենք։ Եվ երբ ես ասում եմ մենք, նկատի ունեմ՝ միջազգային հանրությանը․ մեզ չի հաջողվել մշակել այնպիսի սկզբունքներ կամ վարքագծի կանոններ, որոնք ուղղված կլինեն այն երկրների դեմ, որոնք սպառնում են խաղաղ միջուկային օբյեկներին։

Ինչպիսի՞ն է Մեծամորի ատոմակայանի նկատմամբ սպառնալիքի ներկայիս մակարդակը։

Հարցն այն է, որ որեւէ մեկը չի կարող հստակ գնահատել Մեծամորի նկատմամբ սպառնալիքի ռիսկերը առանց դիտարկելու այն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ եւ ռազմատենչ քաղաքականության համատեքստում։ Ահա այսպիսին է մեր ներկայիս միջավայրը։ Մեծամորի ատոմակայանին ուղղված սպառնալիքները հնչեցին Հայաստանի նկատմամբ ռազմական հարձակման ակտիվ փուլում։

Եվ այդ հայտարարությունն արվել է պաշտպանության նախարարության կողմից՝ ոչ թե մշակույթի կամ բնապահպանության նախարարության։ Կարծում եմ, խելահեղություն է նույնիսկ նման սցենարի մասին մտածելը, սակայն հարցը կայանում է նրանում, որ ներկայումս Ադրբեջանում գործում է մի ռազմաքաղաքական իշխանություն, որը չի ենթարկվում որեւէ ժողովրդավարական վերահսկողության։ Մենք չգիտենք, թե ինչպիսի խելահեղ գաղափարներ կարող են ծնվել այն մարդկանց գլխում, որոնք փորձում են ամեն գնով պահել իրենց ավտորիտար իշխանությունը։ Դուք հավանաբար գիտեք, որ այդ սպառնալիքից ի վեր Ադրբեջանը փորձում է հնարավորինս մեղմացնել դրա լրջությունը՝ ընդհուպ հայտարարելով, որ պաշտպանության նախարարության այն պաշտոնյան, որը հայտարարել է դրա մասին, արտահայտել է իր անձնական կարծիքը։ Թերեւս, սա միջազգային հարաբերություններում նոր երեւույթ է։

Հրթիռային հարձակումներից Մեծամորի պաշտպանության համար անվտանգության ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկված։ ՀՀ կառավարությունն ուսումնասիրել է, թե ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ ատոմակայանի վրա նման հարձակումը։

Մեծամորի ատոմակայանը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար մենք ունենք համապատասխան համակարգեր։ Իհարկե, անվտանգության նկատառումներից ելնելով այդ համակարգերի ոչ բոլոր մանրամասներն են հրապարակման ենթակա։ Բայց կարող ենք հանգիստ լինել, որ ատոմակայանին այնքան էլ հեշտ չի հարվածել, քանի որ այն գտնվում է հզոր եւ գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի պաշտպանության ներքո։ Դա հանդիսանում է բազմաշերտ պաշտպանական համակարգ, որը ներառում է Հայաստանի եւ Ռուսաստանի կարողությունները։ Հայաստանի երկինքը պաշտպանվում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան միավորների հետ համատեղ՝ համաձայն ներկայումս գործող միջազգային համաձայնագրի։

Ատոմակայանի անվտանգությունը եւ ապահովությունը մշտապես եղել է կարեւոր առաջնահերթություն ՀՀ կառավարության համար, քանի որ առաջին հերթին այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր բնակչության անվտանգության եւ ապահովության վրա։ Ծայրահեղ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել նման հարձակման հնարավոր ազդեցությունը։ Մենք կարող ենք հիշել Չեռնոբիլի վթարի հետեւանքները։ Կարծում եմ՝ սա ձեր հարցի ամենահեշտ պատասխանը կլինի։

  • Կիսվել: