Գյումրիում դատարանը քննում է փաստաբան Ռուբեն Մխիթարյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ)
Գյումրիում դատարանը քննում է փաստաբան Ռուբեն Մխիթարյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանի մոտ են հավաքվել «Մեր ձևով» շարժման անդամներն ու ընկերները՝ սատարելու Ռուբեն Մխիթարյանին։
«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանի խոսքով՝ Ռուբեն Մխիթարյանը, տեղեկանալով դեպքերի մասին, գնացել է Գյումրի որպես փաստաբան։
«Երբ ոստկանների ու ժողովրդի մեջ իրարանցում էր նկատել, արագ գնացել էր էնտեղ և ձեռքերը բաց փորձել էր հորդորել խաղաղություն, որպեսզի ոստիկանները բիրտ ուժ չկիրառեն, դրանից հետո ձերբակալվել է»,– ասաց Ալեքսանյանը։
Արթուր Միքայելյանը՝ Մխիթարյանի ընկերը, նշեց, որ վերջինիս արարքների մեջ որևէ հակաիրավական բան չի նկատել։
«Հույս ունեմ՝ դատարանը կգտնվի բարձունքի վրա և անմեղ մարդկանց մեղադրանք չի առաջադրի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությունը տեղի է ունեցել այս ամսվա 20-ին, երբ իրավապահները մտան Գյումրիի համայնքապետարան ու ձերբակալեցին մի խումբ անձանց, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։


