շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գյուղերն անպաշտպան չեն մնալու․ վարչապետը՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Ադրբեջանին ուղղված առաջարկի մասին

Գյուղերն անպաշտպան չեն մնալու․ վարչապետը՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Ադրբեջանին ուղղված առաջարկի մասին

Հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանների պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների և արդյունքում հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով։ Այս մասին  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զորքերի հայելային հետքաշման Ադրբեջանին ուղղված առաջարկի մասին։

Վարչապետի խոսքով՝ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ, որ գյուղերը անպաշտպան են մնալու և այլն։

«Չկա այդպիսի բան, և առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված։ Պետք է նաև խոստովանել մի բան, որ այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար։ Կա սահմանային գիծ և, կարծում ենք, որ այդ սահմանային գծով պետք է հետ կաշում տեղի ունենա, ընդ որում արձանագրելով, որ սա չի կանխորոշում սահմանազատման և սահմանագծման հետագա արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա։

Կարծում եմ, որ այս առաջարկեները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա։ Շատ կարևոր եմ համարում, որ այս առաջարկների էությունը մեր խորհրդարանական գործընկերների կողմից պատշաճ ձևով ներկայացվի միջազգային հանրությանը, որովհետև կարծում եմ, որ այս իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Եվ մեզ համար շատ կարևոր է արձանագրել լեգիտիմ օրինական իրողությունները և արձանագրել, որ կա գործուն այսպիսի մեխանիզմ, որը կարող է կանխել հետագա որևէ էսկալացիա»,- եզրափակեց Փաշինյանը։

  • Կիսվել: