ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են. Անահիտ Ավանեսյան

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են. Անահիտ Ավանեսյան

Նոյեմբերից գրիպի հիվանդացության աճ է նկատվում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը նաև նշեց, որ վերջին 10 օրվա ընթացքում իրավիճակը կայունացել է:

«Դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդներով: Հույս ունենք, որ կայունացման արդյունքում նվազման տեմպ կգրանցենք»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ հիվանդանոցները պատրաստ են դիմակայելու նաև գրիպի տարածված շտամի շրջանառությանը:

«Այս պահին գրիպով, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 595 քաղաքացի: 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ քովիդի դեմ պատվաստմանը զուգահեռ քաղաքացիները կարող են նաև գրիպի դեմ պատվաստվել: Ավանեսյանը վստահեցրեց, որ որևէ հակացուցում չկա: «Տարիներ շարունակ Հայաստանում իրականացվել են գրիպի դեմ պատվաստումներ: Արդյունքները ցույց են տալիս, որ թե՛ խրոնիկ հիվանդություններով տառապողները, թե՛ մինչև 12 տարեկան երեխաները պատվաստվելու արդյունքում խուսափում են գրիպով հիվանդանալուց»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: