հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գրավը կկիրառվի ոչ միայն որպես կալանավորման, այլև ինքնուրույն խափանման միջոց. Բադասյան

Գրավը կկիրառվի ոչ միայն որպես կալանավորման, այլև ինքնուրույն խափանման միջոց. Բադասյան

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Արդարադատության նախարը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև որպես ինքնուրույն խափանման միջոց:

«Այսինքն՝ անկախ նրանից, առկա՞ է դատարանի որոշում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, թե՞ ոչ, անձի նկատմամբ կարող է կիրառվել գրավ, եթե այն անհրաժեշտ և պիտանի է անձի վարքագիծն ապահովելու համար: Ի տարբերություն գործող կարգավորման, գրավը կիրառվում է բացառապես դատարանի որոշմամբ: Նախագծով առաջարկվում է գրավը ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների պես կիրառել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշմամբ ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ՝ ելնելով դրա՝ որպես ինքնուրույն խափանման միջոց նախատեսելու հանգամանքից»,- ասաց Բադասյանը:

Գրավի գումարի նվազագույն չափը նախատեսվում է սահմանել 200.000 դրամ՝ անկախ հանցագործության տեսակից՝ հնարավորություն տալով անձի նկատմամբ կիրառվող գրավի չափն անհատականացնել: Նախատեսվում է նաև ընդարձակել գրավի խափանման միջոցի կիրառման հիմքերը՝ այն թույլատրելով կիրառել ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ անձի գտնվելը ապահովելու նպատակով, այլ նաև ըստ Քրեական դատավարության օրենսգրքի:

Նախատեսվում է ամրագրել վարույթն իրականացնող մարմնի կողմից գրավը չմուծելու հետևանքով դատարան ներկայացված կալանավորման միջնորդության ժամանակ գրավի գումարի չափի նվազեցման հնարավորություն: Ամրագրվելու է նաև, որ դատարանի կողմից սահմանված գրավի չափը չմուծելու հետևանքով քրեական հետապնդման մարմնի միջոնրդության հիման վրա անձը կարող է կալանավորվել: Այս դեպքում դատարանին վերապահվում է իրավասություն գրավի չափը փոփոխել՝ նվազեցնել գրավի չափը, որը վարույթ իրականացնող մարմնի կողմից է առաջարկվել: Նախագծով նաև մի շարք այլ փոփոխություններ են առաջարկվում: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին հավանություն տվեց և ընդգրկեց լիագումար նիստերի օրակարգում:

  • Կիսվել: