չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ի հեճուկս բոլոր բարդությունների՝ ես եկել եմ հետևյալ ուղերձով՝ Հարավային Կովկասը ունի խաղաղության կարիք․ Նիկոլ Փաշինյան

Ի հեճուկս բոլոր բարդությունների՝ ես եկել եմ հետևյալ ուղերձով՝ Հարավային Կովկասը ունի խաղաղության կարիք․ Նիկոլ Փաշինյան

Ի հեճուկս բոլոր պատերազմների, բարդությունների, ճգնաժամերի, ես Եվրոպական խորհրդարան եմ եկել հետեւյալ հիմնական ուղերձով. Մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք, այսինքն մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով եւ երկխոսությամբ լուծելու փորձ եւ ավանդույթ կուտակած: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ ընդգծել է. «Հատուկ ուզում եմ ընդգծել, խաղաղության մասին մեր պատկերացումները որեւէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանի շահերին, որովհետեւ մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը: Եւ խաղաղության կառուցման աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը:

Նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատեւ հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների, տառապանքների եւ հուսահատությունների հանգամանքը:

Բայց արդյոք խաղաղությունը հնարավոր է եւ եթե այո, ինչպե՞ս: Հոկտեմբերի սկզբին, Եվրոպական քաղաքական համայնքի՝ Գրանադայի գագաթաժողովից առաջ մենք խաղաղության գործընթացում ճեղքում արձանագրելու լրջագույն հնարավորություն ունեինք, բայց Ադրբեջանի նախագահը, ցավոք, հրաժարվեց գալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին եւ ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի եւ ինձ հետ ընդունել համատեղ հայտարարություն, որը պիտի արտահայտեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման սկզբունքները:

Այդ սկզբունքներն ու բովանդակությունն ամենեւին էլ նոր չեն եւ ձեւավորվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով էին ձևավորվել, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահը, ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը եւ ես:

Այդ սկզբունքները կոնկրետացվեցին 2023 թվականին ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ բրյուսելյան հանդիպումների ընթացքում եւ այդ սկզբունքների մասին կան հրապարակային հայտարարություններ:

Սկզբունքներից առաջինը Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտահայտված է հետեւյալ կերպ, մեջբերում եմ. «Ֆրանսիայի նախագահը, ԵՄ նախագահը, Գերմանիայի կանցլերը և ես Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության` Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմփոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։

Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը» (մեջբերման ավարտ)։

Այս նույն սկզբունքը ս/թ մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ արտահայտված է այսպես. «Առաջնորդները, խոսքը իմ եւ Ադրբեջանի նախագահի մասին է, հաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին եւ համապատասխանաբար Հայաստանի29 հազար 800 քառակուսի կիլոմետր եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը (մեջբերման ավարտ)։

Նույն սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր  հայտարարության մեջ արտահայտել է այսպես (մեջբերում եմ). «Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները եւս մեկ անգամ լիարժեք կերպով վերահաստատեցին իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ,հիմնված այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր» (մեջբերման ավարտ):

Հարգելի ներկաներ, այն ինչ լրացուցիչ պետք է իմանաք այս առիթով՝ հետեւյալն է. այս պայմանավորվածություններից հետո ես մի քանի անգամ հրապարակային վերահաստատել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն չի արել: Վերջերս նա հայտարարել է, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց 29 հազար 800-ը չի հիշատակել, ինչը որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն է առաջացնում, թե նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար:

Տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով ճանաչելու պայմանավորվածությունը հենց դրա համար է ձեռքբերվել, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելիս երկիմաստություններ թույլ չտան, ասենք, օրինակ` ասելով, թե տվյալ երկրի տարածքի մի մասն իրականում իրեն չի պատկանում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: