Գոյություն ունի աշխատավարձի ինչ-որ ողջամիտ շեմ, որից ներքև որևէ մեկը չպետք է ստանա. Արարատ Միրզոյան
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կողմ է գործընկերների՝ նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու առաջարկին:
Միրզոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դարձնելու վերաբերյալ նախագծի քննարկմանն իր ելույթում:
Նա նշեց՝ իհարկե, մարզային գրադարանավարուհիների աշխատավարձները ևս պետք է բարձրացվեն, սակայն կա մի շեմ, որից ներքև չպետք է ստանա որևէ մեկը՝ լինի պահակ, հավաքարար, բանվոր, թե այլ մեկը:
«Գործընկերներից մեկն ասաց, թե ինչպես կարող են մարզային գրադարանում աշխատողն ու մաքրությանը հետևող աշխատակիցը ստանալ նույն աշխատավարձը, իհարկե, արդար չէ: Բայց մենք նույն խնդրի առաջ կանգնել էինք, երբ կենսաթոշակը և մի շարք նպաստներ բարձրացնում էինք՝ դարձնելով 25 հազար 500 դրամ: Այդ ժամանակ ևս նույնն էր ասվում, բայց գոյություն ունի ինչ-որ ողջամիտ շեմ, որից ներքև որևէ մեկը չպետք է ստանա՝ անկախ նրանից, թե որքան է աշխատել կամ չի աշխատել»,-ասաց Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով՝ նախագիծը սոցիալական կարևոր նշանակություն ունի, և իրենց նախընտրական խոստման մեջ կար այդ բաղադրիչը: