Գործող իշխանությունը քաղաքականացնել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը․ Օհանյան
Արդյոք փայլուն է ձեր կատարած աշխատանքը և արդյո՞ք փայլուն էր, այն, որ երկարատև բանակցային գործընթացի ողջ ռեսուրսը մսխվեց, Ադրբեջանին կանխարգելիչ իրադրության մեջ չդրվեց, արդյո՞ք փայլուն էր, որ իջեցրինք հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ: Իհարկե, փայլուն չէր: Փայլուն էր միայն այն, որ մեր դիքերը փայլեցրինք և զիջեցինք ադրբեջանցիներին: Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ես համոզվում եմ, որ արմատական ընդդիմությունը և կոշտ արձագանքները անհրաժեշտություն են, որովհետև այս օրերի ընթացում ես նկատում եմ, որ ինքնաքննադատության որևէ նշույլ չկա: Մեղքի զգացումը ընդհանրապես բացակայում է որոշների մոտ, իսկ այս ամբիոնից նման պահվածքը խոսում է քննարկումների մշակույթի բացակայության մասին»,-հայտարարեց Օհանյանը։
Սեյրան Օհանյանը նշեց, որ այս իշխանությունների օրոք խաթարվել է Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի միջև եղած կապը։
Օհանյանի խոսքով՝ գործող իշխանությունը քաղաքականացնել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, չափից շատ երիտասարդացրել է ԶՈՒ ղեկավար կազմը․ «Կադրային նշանակումներ եք անում՝ շրջանցելով միջանցիկ պաշտոնները: Ռազմահայրենասիրությունն իջեցրել ենք շատ ցածր մակարդակի, այս ամենին գնահատական տալու փոխարեն զբաղվում ենք ինքնագովազդով և այս տեսանկյունից պետք է գնահատական տայինք հանձնաժողովի աշխատանքներին»։



