ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գործող դատավորների, դատախազների և քննիչների համար կներդրվի բարեվարքության ստուգման համակարգ

Գործող դատավորների, դատախազների և քննիչների համար կներդրվի բարեվարքության ստուգման համակարգ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարութան և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ քննարկմանը և կարևորել նախագծերի մշակման փուլում ոլորտային իրավակիրառ մարմինների ներգրավումը։
 
Նախագծով առաջարկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև՝ քննիչների թեկնածուների համար: Նախագծերի ընդունումը հնարավորություն է տալու պարբերաբար ուսումնասիրել պաշտոնատար անձանց գործունեությունը՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու համար:
 
Ծավալված կառուցողական քննարկման արդյունքում կանխորոշվել են նախագծի լրամշակման հետագա ուղղությունները: Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Գլխավոր դատախազությունից, Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներից և Ֆինանսների նախարարությունից:

  • Կիսվել: