կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վարչապետի աշխատակազմին հավելյալ գումար է հատկացվել

Վարչապետի աշխատակազմին հավելյալ գումար է հատկացվել

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր չզեկուցվող մի հարց, որով վարչապետի աշխատակազմին գումար է հատկացվելու եւ այն էլ գաղտնի:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «1136. ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակներում «11016. Նախորդ տարիների պարտավորությունների մարման նպատակով աջակցության տրամադրում» միջոցառման իրականացման նպատակով նախագծով նախատեսվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում: Սակայն թե կոնկրետ ինչ լիազորությունների մասին է խոսքը, մանրամասն տեղեկատվություն առկա չէ եւ համարված է գաղտնի:

Կառավարության նախորդ նիստերից մեկում էլ չզեկուցվող նախագծով՝ պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը 570 մլն 978 հազար դրամ է փոխանցվել` կառույցի առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները կազմակերպելու հիմնավորմամբ։ ԱԱԾ-ն կես միլիարդ դրամով, ըստ որոշման նախագծի, ձեռք է բերելու հետախուզության համար անհրաժեշտ սարքավորումներ, հագուստ, սնունդ, կենցաղային տեխնիկա և այլն։

Նշյալ 570 մլն դրամից 210 մլն դրամն ԱԱԾ֊ի տնտեսումներն են, որը վերադարձվել է պետբյուջե և կրկին վերադարձվում է հատուկ ծառայությանը։ Նկատենք, որ գործադիրը պարբերաբար խոշոր գումարներ է հատկացնում այս կամ այն գերատեսչությանը՝ չզեկուցվող նախագծերով։

  • Կիսվել: