չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Գորիսը կրկին կդառնա խաչմերուկ, ֆրանսիական կողմի ներկայությունն այստեղ նշանակալի է. Օլիվիե Դըկոտինյի

Գորիսը կրկին կդառնա խաչմերուկ, ֆրանսիական կողմի ներկայությունն այստեղ նշանակալի է. Օլիվիե Դըկոտինյի

Գորիսը քաղաք է, որը գտնվում է Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում, ունի ռազմավարական նշանակություն: Այս մասին հայտարարեց  ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ընթացքում:

«Այս կարևոր պահին ձեր բոլորի ներկայությունն այստեղ՝ Գորիսում, ապացույցն է այն իրողության, որ Գորիսն ունի ռազմավարական նշանակություն։ Այն մի քաղաք է, որը գտնվում է Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում։ Գորիսը Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը հյուրընկալող առաջին քաղաքն էր։ Սա քաղաք է, որը կառուցում է խաղաղություն տարածաշրջանում, որը միշտ եղել է խաչմերուկում, և նրա գործունեությունը միտված է եղել խաղաղության կառուցմանը։ Գորիսը կրկին կդառնա խաչմերուկ, և մեր ներկայությունն այստեղ շատ նշանակալից է»,- ասաց դեսպանը։ 

Նրա կարծիքով՝ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ռազմավարական նշանակությունը պայմանավորված է վերջին տարիների իրադարձությունների թելադրանքով։ Ըստ նրա՝ ապակենտրոնացված համագործակցությունն իրականացվում է համերաշխության նշանի ներքո, բազում ֆրանսիացիներ մոբիլիզացվել են հանուն Հայաստանի: Այսօր առկա է մոտեցման շահեկան փոփոխություն, քանի որ ֆրանսիական և հայկական համայնքները խոսում են բարեկամության մասին՝ միևնույն ժամանակ մտքում ունենալով ռազմավարական պարամետրեր։

«Քանի որ այժմ գտնվում ենք Սյունիքում, ակնհայտ է, որ ընտրություն է կատարվել ռազմավարական համագործակցություն ծավալելու օգտին: Գորիսը բաց է աշխարհի առջև, այս տարածքում առաջանում է զգացողություն, որ տեղի բնակիչները լքված չեն աշխարհի կողմից, ձեզանից հեռու կան համայնքներ, որոնք մտածում են ձեր մասին։ Սա տարածք է, ուր տեղի են ունենում իրադարձություններ, բացվում են աշխատատեղեր, զարգանում են ծառայությունները, իրականացվում են մշակութային միջոցառումներ, այսինքն՝ այս տարածքը կարողանում է կայանալ ու դիմանալ։ Հենց սա է ապակենտրոնացված համագործակցության ռազմավարական իմաստը»,- մանրամասնեց Դըկոտինյին։ 

Դիվանագետը հիշեցրեց, որ Օ դը Սենի դեպարտամենտի ղեկավար Պատրիկ Դևեջյանն իր հերթին որոշել էր համագործակցության միտված իր ջանքերը կենտրոնացնել Տավուշի՝ սահմանամերձ և գյուղատնտեսական մարզի վրա։ Դեսպանի պնդմամբ՝ նա լիովին իրավացի էր՝ իրավիճակի հետ կապված, որովհետև այդ տեսանկյունից ռազմավարական մոտեցում ունենալը անպայմանորեն չի նշանակում մտածել միայն մեծ ծրագրերի մասին։ Դըկոտինյիի բնորոշմամբ՝ դա իսկապես լուրջ ընտրություն էր, և եթե նույնիսկ երկու կողմից էլ համայնքների հնարավորությունները համեստ են, միևնույն է, դա ռազմավարական քայլ է։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը հիշեցրեց նաև, որ համայնքների միջև համագործակցությունը նախորդել է պետությունների միջև համագործակցությանը, և դեռ 1968 թվականին Բանիոնն ու Վանաձորը դարձել են քույր քաղաքներ, ինչը տեղի ունեցավ մինչև Հայաստանի անկախացումը։  

Դըկոտինյիի խոսքով՝ պետության ներկայացուցիչները փորձում են հասնել համայնքներին, ուստի այդ առումով նա նշեց մի առանձնահատկություն, այն է՝ Եվրոպայի և արտաքին հարաբերությունների իրենց նախարարության մեջ Հայաստանի հետ համագործակցության համակարգողի պաշտոնը ոչ մի համարժեք չունի այլ երկրների համեմատությամբ, որովհետև կապը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ է՝ ներառելով սփյուռքը, ասոցիացիաները, կազմակերպությունները, ձեռնարկությունները։

«Բացի դրանից, բոլոր դերակատարների միջև ցանկություն կա պետության հետ կապի միջոցով երկխոսություն ունենալ ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ՝ բացահայտելով, թե յուրաքանչյուր կողմը, հաշվի առնելով իր առանձնահատկությունները, ինչպես կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունենալ։ Այն փաստը, որ բոլորս միավորվել ենք Գորիսում, որին, Փարիզի գլխավորությամբ, մյուս համայնքները՝ Հայկական ասոցիացիաների միավորման հետ համատեղ, ուղարկել էին մարդասիրական օգնություն, նշանակում է, որ ֆրանսիական պետությունն ու հասարակությունը շարունակում են մնալ ձեր կողքին, և այն, ինչ կառուցում ենք միասին, լոկ տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես միայն բարեկամություն չէ, այլ իսկական լծակ է՝ իրավիճակի վրա ազդելու, Հայաստանին աջակցելու և հանուն խաղաղության գործելու առումով»,- եզրափակեց Դըկոտինյին։     

 

  • Կիսվել: