շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը. Արարատ Միրզոյանը՝ հանդիպումից հետո

Գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը. Արարատ Միրզոյանը՝ հանդիպումից հետո

Այսօր գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք ժողովրդավարական արժեքների և ընդհանուր ընկալումների վրա հիմնված երկկողմ համագործակցության ընդլայնմանը, կարևորել ենք Հայաստանում տեղի ունեցող մեծածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Գերմանիայի աջակցությունը, ինչպես նաև՝ քննարկել ենք բազմակողմ հարթակներում ակտիվ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Բնականաբար, քննարկել ենք հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր՝ հատկապես հաշվի առնելով, որ Գերմանիան ԵՄ-ում մեր հիմնական առևտրային գործընկերն է, և գերմանական կապիտալը ներկայացված է Հայաստանի տնտեսության մեջ: Մենք պետք է աշխատենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան ապահովելու, պահպանելու, ներդրումները խթանելու և նոր գործարար կապերը ակտիվացնելու ուղղությամբ»- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ երկկողմ օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը: Կողմերն արժևորել են գերմանական GIZ գործակալության և KFW բանկի գործունեությունը Հայաստանում:

«Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում, իհարկե, մեզ համար կարևոր է Գերմանիայի դիրքորոշումը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում առաջընթացի համար»,- ասաց նա:

Շարունակելով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության թեման՝ Հայաստանի արտաքին գերատեսչության նախարարը նշեց, որ Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման օրակարգում էին գործընկերության ընդլայնման կարևոր հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ուղղություններով, Արևելյան գործընկերության շրջանակներում և այլ հարթակներում ու ձևաչափերով, որտեղ երկու երկրները համագործակցում են:

Արարատ Միրզոյանը նաև իր գոհունակությունն ու երախտիքը հայտնեց Եվրոպական միությանը՝ Հայաստանում նոր՝ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման կապակցությամբ:

«Համոզված ենք, որ այս առաքելությունն էական դերակատարում կունենա մարդկային անվտանգության և տարածաշրջանում կայունության հաստատման գործում, ինչպես նաև՝ առկա իրավիճակն օպերատիվ և հավաստի կերպով ԵՄ անդամ երկրների մեր գործընկերներին ներկայացնելու հարցում:

Շարունակելով տարածաշրջանային անվտանգության և կայունության թեման` նշեմ, որ այսօր գործընկերոջս ներկայացրել եմ այն էքզիստենցիալ մարտահրավերներն ու վտանգները, որոնց այս շրջանում բախվում է թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: