ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գնալով բացահայտ է դառնում, որ թշնամին դրսից, իսկ օրվա իշխանությունը ներսից նույն քաղաքականությունն են տանում.Ռուստամյան

Գնալով բացահայտ է դառնում, որ թշնամին դրսից, իսկ օրվա իշխանությունը ներսից նույն քաղաքականությունն են տանում.Ռուստամյան

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները վերջնականապես ամրապնդեցին համոզումը, որ այլեւս չի գործում միջազգային նորմերի վրա հիմնված, այսպես կոչված, Հելսինկյան աշխարհակարգը. Տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ, որոնք ուղղված են միջազգային կենտրոնների շուրջ ազդեցություն նոր գոտիների առաջացմանը: Այս մասին, այսօր «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Այս համատեքստում, ըստ նրա, ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցն ունի լայն տարածաշրջանային ընդգրկում եւ կարող է կանխորոշել հայկական խնդիրների լուծման եւ հայոց պետականության զարգացման ընթացքը. «Հետեւաբար, կենսական զիջումներից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ եւ պահպանել միմիայն հայեցակարգված մոտեցում: Իսկ ինչ է կատարվում ներկա պահին. Ներկա պահին միասնական ճակատով հակահայկական ու պանթուրանական ծրագրերը կյանքի կոչելու Թուրքիայի ու Ադրբեջանի լայնամասշտաբ գործողություններին զուգահեռ, ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են եղել խաղաղության դարաշրջան բացելու ուտոպիստական գաղափարի իրագործմանը: Ակնհայտ է, որ այս երկու գործընթացները տեսականորեն անգամ հնարավոր է համատեղել, եթե հնարավոր լինի տեղավորել թուրք-ադրբեջանական ծրագրերը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու գաղափարի մեջ: Ուստի եթե Երեւանը ձգտում է այդպիսի խաղաղության, պարտավոր է չխոչընդոտել թուրք-ադրբեջանական նպատակներին, սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը: Դրա ականատեսն ենք դառնում այս օրերին: Դրա վկայությունն էր Շուշիի հակահայ հռչակագիրը դատապարտելուց հրաժարվելու իշխանությունների պահվածքը»,-ասաց Ռուստամյանը։

Նա հավելեց, որ պարզ է, որ Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում անհրաժեշտ է այնքանով, որքանով դա կարող է ծառայեցվել իր ու Ադրբեջանի էական պահանջների բավարարմանը. «Պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը միաժամանակ հանդես են եկել հարաբերություններ հաստատելու բնույթով վերջնագրային այնպիսի առաջարկություններով, որոնցից հրաժարվել իրենց համոզմամբ, Հայաստանը ներկա պայմաններում չի կարող: Նրանք փաստացի ուժի կրկնակի սպառնալիքով փորձում են հնարավորին արագ ստանալ առավելագույնը 44-օրյա պատերազմից իրենց համար բարենպաստ արդյունքներ:

Այս պայմաններում Հյաստանի կողմից խաղաղություն հաստատելու անվերապահ պատրաստակամությունը ենթադրում է կանգ չառնելով անդառնալի կենսական զիջումների առջեւ, ստանալ ամեն գնով հաշտություն: Ակնհայտ է, որ այդ գնով ձեռք բերված խաղաղության հետեւանքը այս տարածաշրջանում հայկական գործոնի վերացումն է եւ հայոց ինքնիշխան պետականության փլուզումը:

Հետեւաբար, մենք պարտավոր ենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ մտնել՝ խստիվ սահմանելով մեզ համար կենսական կարմիր գծերը, քանզի այդ շրջանակից դուրս անդառնալի զիջումներով ուղեկցվող մեր հայկական ինքնության կորուստն է եւ ազգային պետականության կործանումը:

Գնալով ավելի բացահայտ է դառնում, որ թշնամին դրսից, իսկ օրվա իշխանությունը ներսից վերջնահաշվում նույն քաղաքականությունն են տանում՝ ամեն կերպ ստիպելու հայ ժողովրդին դադարեցնել սեփական շահերի համար պայքարը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգմավորը:

Նր խոսքով, այսօր ջրբաժանն անցնում է նույն տեղ տեղով՝ ագային, թե ապազգային է պետական ուղեգիծը. «Այդ տարբերությունն ի հայտ է գալիս հենց կարմիր գծերի վերաբերյալ ձեւավորված պատկերացումներով: Զիջումների կարմիր գծեր չհաստատելը ոչ այլ ինչ է, եթե ոչ կորցնել թե Հայաստանը, թե Սփյուռքը, թե Արցախը: Սա չափազանցություն չէ, այլ սթափ գնահատական:

Այո, կա ապագա, բայց առանց կենսական ու կործանարար զիջումների, եւ ապագա չի կարող լինել այդպիսի զիջումներով: Սա է իրական ջրբաժանը, իրական օրակարգը: Հետեւաբար գերխնդիր է համահայկական զորաշարժի միջոցով կանխել դեպի այդ կործանարար ապագան տանող վերահաս ամբողջական կապիտուլյացիան: Այդ հետհաշվարկն արդեն միացված է: Դա պետք է մեզ սթափեցնի: Եթե ԱԺ-ն այս օրակարգով չի զբաղվելու, մենք այդ ԱԺ-ում աշխատելու նպատակ չխպետք է հետապնդենք: Այսօր ԱԺ-ն պետք է  խնդիր դներ փոխելու կառավարության ծրագիրը, որը կործանարար ծրագիր է»,-ընդգծեց Ռուստամյանը:

  • Կիսվել: