հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Գնահատում ենք բարեկամ Նորվեգիայի ԱԳ նախարարի ներկայությունը Երևանում, հատկապես մարտահրավերներով լի ներկայիս ժամանակահատվածում. Միրզոյան

Գնահատում ենք բարեկամ Նորվեգիայի ԱԳ նախարարի ներկայությունը Երևանում, հատկապես մարտահրավերներով լի ներկայիս ժամանակահատվածում. Միրզոյան

Հայ-նորվեգական համագործակցությունը խարսխված է ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա: Այս մասին Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ավելի քան մեկ տասնյակ տարի դադարից հետո սա նորվեգական կողմի առաջին բարձրաստիճան այցն է Հայաստան: Մենք գնահատում ենք բարեկամ Նորվեգիայի արտգործնախարարի ներկայությունը Երևանում, հատկապես բազում մարտահրավերներով լի ներկայիս ժամանակահատվածում, ինչը, միանշանակ, հայ ժողովրդի հետ Նորվեգիայի համերաշխության նշան է: Հատկանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Հայաստանի և Նորվեգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում»,- ասաց Միրզոյանը:

Այս համատեքստում Միրզոյանը նշեց, որ բարձր է գնահատում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին Նորվեգիայի աջակցությունը․

«Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Նորվեգիան հանդիսանում է ԵԽ-Հայաստան 2019-2022 թվականների գործողությունների ծրագրերին ամենամեծ կամավոր հատկացում կատարած երկիրը:

Միաժամանակ երաշխագիտություն եմ հայտնում Կովիդ-19-ի դեմ պայքարում Նորվեգիայի ցուցաբերած աննախադեպ աջակցության համար: Այսօր տիկին նախարարի հետ անդրադարձել ենք Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին: Այս առումով կցանկանայի ընդգծել մեր երկրների ԱԳՆ-ների միջեւ խորհրդակցությունները, դրանց դերակատարումը:

Փոխադարձ պատրաստակամությունն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առեւտրատնտեսական ոլորտում ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ: Որպես տնտեսության համագործակցության հեռանկարային ոլորտներ առանձնացրել ենք ՏՏ ոլորտը, վերականգնվող էներգիան, ինչպես նաեւ թվային կառավարումը:

Այսօր նախարարի հետ այցելել ենք Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք ենք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայ ժողովուրդը մեծարանքով եւ երաշխագիտությամբ է հիշում հումանիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին եւ միսիոներուհի Բոդիլբյորնին:

Որպես հարգանքի տուրք, նորվեգացի երկու հումանիստների գերեզմանի հողն ամփոփված է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի մեջ:

Կարող ենք արձանագրել, որ Նորվեգիայի միջազգային ասպարեզում, մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ դառնալու հիմքը նաեւ այս անհատներն են եղել»:

  • Կիսվել: