երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղարաբաղյան բանակցություններում նոր իշխանությունները չեն խոսում ինքնորոշման սկզբունքի մասին. Դավիթ Շահնազարյան

Ղարաբաղյան բանակցություններում նոր իշխանությունները չեն խոսում ինքնորոշման սկզբունքի մասին. Դավիթ Շահնազարյան

Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ ղարաբաղյան բանակցությունները մտել են փակուղի: «Հայաստանի նոր իշխանությունների հակասական հայտարարությունները Ղարաբաղի հիմնախնդրով բանակցային գործընթացը փակուղի են մտցրել: Օրինակ՝ Բաքուն ասում է, որ փաստաթուղթ կա, իսկ Երևանն ասում է՝ չկա: Այսօր Ադրբեջանն ու միջազգային հանրությունը մի դիրքորոշում ունեն, իսկ Հայաստանը՝ այլ, ինչի մասին 2 անգամ խոսել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը», -այսօր «Վերնատուն» ակումբի նիստում հայտարարեց Շահնազարյանը:

Վերջինը, հիշեցնենք՝ ՀՀՇ-ի անդամ էր, նախորդ տարի Հանրապետական կուսակցության կազմով մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, բայց ձայներ չստացավ:

Շահնազարյանի խոսքով, Ադրբեջանն արդեն լուրջ փաստարկներ է ստացել ապագա ռազմական գործողությունների արդարացման համար: «Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ որևէ միջազգային միջոցառման ժամանակ բանակցությունների սեղանին կարող է հայտնվել մեզ համար անընդունելի փաստաթուղթ, որի վրա մենք առավելագույնը կարող ենք վետո կիրառել և ստանալ «Լիսաբոն 2»: Բացառված չէ, որ առաջիկայում այդպիսի փորձ է իրականացվելու Բրատիսլավայում»,- ընդգծեց նա:

Քաղաքական գործիչը հիշեց 2018 թվականի մայիսը և նկատեց, որ այդ ժամանակ բանակցությունների սեղանին միայն մեկ հարց կար՝ ամբողջ շփման գծում միջոցառումներ իրականացնելու մասին:

«Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կային միջազգային հանրության երեք նախաձեռնություններ՝ ամբողջ շփման գծում հատուկ սարքերի տեղադրում, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում, հրադադարի ռեժիմի խախտումների կանխման մեխանիզմների ստեղծում: Ստացվում է, որ օրակարգում էր միջազգային տարրերի ներդրման հարցը, սա մեզ համար չափազանց ձեռնտու էր: Այս օրակարգը կար արդեն 2014 թվականից, իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո դարձավ միակը»,- ասաց Շահնազարյանը:

Նա վերլուծել է ու պարզել, որ Հայաստանի իշխանությունների նոր բանակցային կետը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ինքնորոշման սկզբունքի մասին չի խոսվում, և անգամ եթե խոսվում է, ապա դրան հաջորդում են այդ սկզբունքին հակասող հայտարարություններ: «Խոսք չկա նաև 3 սկզբունքների մասին, և դրանք, ըստ էության, մերժվում են: Ինքնորոշման սկզբունքը պետք է դրվի բանակցությունների հիմքում, և պետք է բացառել դրան հակասող ցանկացած հայտարարություններ, օրինակ՝ «լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար», կամ «Արցախը Հայաստան է, և վերջ», կամ «պետք է հանրաքվե անցկացնել»»,- ներկայացրեց Շահնազարյանը:

Գործիչը ընդգծեց, որ հայ ժողովրդի համար կարևորը պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, քանի որ դա ամբողջ ժողովրդի անվտանգության հարցն է:

  • Կիսվել: