Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ. Արշակյանը ՀՀ նախկին նախագահների ելույթներից հատվածներ հրապարակեց
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՀՀ պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից հատվածներ հրապարակեց ԱԺ-ում:
Ռոբերտ Քոչարյանը, ըստ ձայնագրության, ասում է. «Մենք 1 անգամ չէ՝ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»: Ձայնագրության հրապարակումից հետո Արշակյանը հիշեցրեց՝ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և խոսքը 7 շրջանների մասին էր՝ ըստ էության:
2008թ․ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատվածի հրապարակումից հետո Արշակյանը դիմեց ընդդիմադիրներին. «Մի հարց եմ ուզում տալ ընդդիմադիրներին. Ղարաբաղը հայրենի՞ք է, իսկ Մեղրին՝ ո՞չ; Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Եվ ո՞րն է ձեր հայրենիքը»:
Հաջորդիվ նա հրապարակեց Սերժ Սարգսյանի ձայնագրությունը, որում վերջինս, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ինչպես ճանաչի աշխարհը ԼՂ անկախությունը, եթե Հայաստանն ինքը չի ճանաչում այն, ասում է. «Մենք դա չենք անում, և մենք ասում ենք, որ դա փոխզիջում է: Եվ փոխզիջում է նաև այն, որ հիմա Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անել, այսինքն՝ երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելուն»:



