երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Ղարաբաղը հանձնեցին, հիմա եկել են իշխանափոխություն անեն, որ Հայաստանն էլ հանձնեն ՀԱՊԿ-ին․ Փաշինյան

Ղարաբաղը հանձնեցին, հիմա եկել են իշխանափոխություն անեն, որ Հայաստանն էլ հանձնեն ՀԱՊԿ-ին․ Փաշինյան

ԼՂ երկու ներկայացուցչի հետ խոսել եմ, պարզ բացատրել եմ՝ ինչ է տեղի ունենում և նրանք ոչ մի վերապահում չեն արտահայտել իմ պատկերացումների վերաբերյալ։

Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանը ասել է ԱԺ նիստի ժամանակ:

Նա հիշեցրեց, որ երեկ էլ է ասել․ «Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է, որ ես դա չեմ արել։ 2018-ին, իմ լեզուն չէր պտտվի դա ասել, կղերաֆեոդալական խաբեության պատճառով ,չնայած էլի ասել եմ՝ պետական գործիչը պետք է տեսներ դա աներ ու ասեր, բացի այդ, եթե լեզուն պտտվեր էլ ոչ մեկ չէր թողնի, որ ես շարունակեի»։

Փաշինյանն ասաց, որ այդ մասին ԼՂ երկու ներկայացուցչի հետ խոսել է։ «Պարզ բացատրել եմ՝ ինչ է տեղի ունենում և նրանք ոչ մի վերապահում չեն արտահայտել իմ պատկերացումների վերաբերյալ։ Այսօր ընդդիմության հանրահավաքին մասնակիցներից մեկն էր այդ երկուսից մեկը։ Շատ տպավորվել է հետևյալը՝ երբ մենք խոսեցինք, հաջողություն անելու պահին երկու բառ օգտագործեց՝ մեկը անգլերեն, մեկը ռուսերեն իմ ասածին ի պատասխան՝ «ok», «держись»»,- պատմեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցի հետ կապված ասում էին, թե բանակցություններում պետք է պահանջես առավելագույնը, որ ստանաս ընդունելի ինչ-որ բան, սա սխալ պատկերացում է։  «Երբ բանակցությունները սկսում ես ամենաբարձր նշաձողով, հետագա միակ բանը, որ կարող ես անել, նշաձողն իջեցնելն է, որովհետև բարձրացնելու տեղ այլևս չուզես։ Սա է մեզ հետ տեղի ունեցել ԼԵռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ողջ ընթացքում։ Մենք միշտ հանդես ենք եկել ամենաբարձր նշաձողով և չենք հասկացել, որ դրանով արձանագրել ենք մեր պարտությունը»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի իշխանությունը ոչ միայն ինքն է հանձնվել Ադրբեջանին, այլև Հայաստանի ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի մլրդ դոլարի զենքը՝ սարքին, կարգին, յուղած զինամթերքով հանձնել է Ադրբեջանին։ «Հիմա  եկել են, ուզում են Հայաստանում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ՝ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին։ Բայց ես ուզում եմ հստակ ասել կղերաֆեոդալական էլիտային՝ դուք Հայաստանում կառավարության փոփոխություն չեք կարող իրականացնել, որովհետև ժողովրդից ծնված լեգիտիմության առաջ դուք անզոր եք։ Հայաստանում կառավարության փոփոխություն կարող է իրականացնել միայն ինքնիշխանը՝ ՀՀ ժողովուրդը, երբ ուզենա։ Կուզենա՝ կանի, չի ուզենա՝ չի անի»,- հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: