Ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է. Քոչարյան
Այսօր արցախցիների Լեռնային Ղարաբաղ վերադարձի միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե Ադրբեջանն ասում է՝ «ճանապարհ», ուրեմն մենք շատ հանգիստ կարող ենք ասել, որ էդ ճանապարհն ընդամենը 1 կետ է այդ եռակողմ հայտարարության մեջ։ Եթե պատրաստ եք ամբողջովին վերադարձ այդ հայտարարությանը, ապա նստենք, քննարկենք։ Եվ սա միակ տեղն է, որից կարելի է բռնել, և ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ հետ բերել բանակցային գործընթացի մեջ»,- ասաց Քոչարյանը։
Կարծում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը վերադառնալու հնարավորություն տեսնում է, թեպետ հավանականությունը փոքր է, սակայն այս դժվար իրավիճակում պետք է նույնիսկ այդ փոքր հնարավորությունն օգտագործել։
«Չենք անում, իմ տպավորությամբ, որովհետև այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան էնտեղ, որովհետև համարում է, որ իր կյանքն ինչ-որ տեղ կարող է բարդացնել․ այնտեղ հարցեր կլինեն, կասեն՝ բա ինչու՞ չեք միջամտում, ինչու՞ չեք այս կամ այն քայլերն անում։ Իրենց համար ձեռնտու է երևի ամեն բան անել, որ ղարաբաղցիք Հայաստանում էլ չմնան։ Սկզբունք կա, չէ՞՝ нет людей, нет проблем»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։