շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գերտերությունների միջև շարունակվող միջազգային հակամարտության մեջ Հայաստանին ներքաշելը հանգեցնելու է անդառնալի հետևանքների. Հայաստանի արևելագետների միություն

Գերտերությունների միջև շարունակվող միջազգային հակամարտության մեջ Հայաստանին ներքաշելը հանգեցնելու է անդառնալի հետևանքների. Հայաստանի արևելագետների միություն

Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված, գրագետ հաշվարկված և ռացիոնալ արտաքին քաղաքականություն, որտեղ առաջնային կլինեն Հայաստանի, այլ ոչ թե այլ պետությունների ազգային շահերը. գերտերությունների միջև շարունակվող միջազգային հակամարտության մեջ Հայաստանին ներքաշելը հանգեցնելու է անդառնալի հետևանքների: Այս մասին ասված է «Ex Oriente» Հայաստանի Արևելագետների Միության Խորհրդի տարածած հայտարարությունում։

«Հայաստանի շուրջ վերջին զարգացումները՝ տարածաշրջանում շարունակվող անկայունության և լայնածավալ միջազգային հակամարտությունների համատեքստում, խորացրել են մեր երկրի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար առկա սպառնալիքները։

Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված, գրագետ հաշվարկված և ռացիոնալ արտաքին քաղաքականություն, որտեղ առաջնային կլինեն Հայաստանի, այլ ոչ թե այլ պետությունների ազգային շահերը։ Գերտերությունների միջև շարունակվող միջազգային հակամարտության մեջ Հայաստանին ներքաշելը հանգեցնելու է անդառնալի հետևանքների:

Միջպետական հարաբերությունների զարգացումը նոր գործընկերների հետ չպետք է իրականացվի պատմականորեն ձևավորված և իրավականորեն ձևակերպված դաշնակցային հարաբերությունների հաշվին։ Հայաստանի իշխանությունները պետք է գործեն Հայաստանի ու այլ երկրների շահերի համադրման եղանակով, և ոչ մի պարագայում չգայթակղվեն այդ շահերի հակադրման շնորհիվ ենթադրյալ դիվիդենտներ քաղելու հեռանկարով։ Միջպետական հարաբերությունների վերաբերյալ անորոշ ու առճակատման տրամաբանությամբ արվող հայտարարությունները ոչնչով չեն նպաստելու Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդմանը, այլ միայն լրացուցիչ ռիսկեր և վտանգներ են առաջացնելու։ Հայկական դիվանագիտությունը պետք է ամրապնդի գոյություն ունեցող դաշինքները և հաստատի նոր գործընկերային հարաբերություններ, ոչ թե ձեռք բերի հերթական հակառակորդներ:

Աշխարհն օրեցօր սրվող գլոբալ հակամարտության մեջ է, որը աննախադեպ լարվածություն է ստեղծում միջազգային հարաբերությունների համակարգում։ Մեր տարածաշրջանը ևս դարձել է հակասական շահերի բախման խաչմերուկ: Այս ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, միայն իրատեսական արտաքին քաղաքականությունը և պետականամետ որոշումները թույլ կտան պաշտպանել հայ ժողովրդի կենսական շահերն ու անվտանգությունը։ Մենք պատասխանատու ենք ապագա սերունդների առջև Հայոց պետականության պահպանման համար»,- նշված է հայտարարությունում։

 

  • Կիսվել: