հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գերիների  հարցը Սերժ Սարգսյանը պետք է բարձրացներ, որ Փաշինյանն արձագանքեր. Դավիթ Հարությունյան

Գերիների հարցը Սերժ Սարգսյանը պետք է բարձրացներ, որ Փաշինյանն արձագանքեր. Դավիթ Հարությունյան

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանն առաջարկեց, սպասել Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանին տրված ժամանակի ավարտվելուն։

«Պարոն Սարգսյանը տվել է ժամանակ Փաշինյանին և քանի որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով, Սերժ Սարգյսանի արձագանքը հետևյալն էր՝ մենք ասեկոսեներ չենք տարածելու և մենք խոսելու ենք փաստերով, ժամը դեռ չի լրացել և առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ գործող իշխանության կողմի նախընտրական քարոզարշավը դժվար է անվանել քաղաքակիրթ, քանի որ այն կազմակերպում է մի անձ, որը քաղաքական դեմք չէ:

«Նա այդպես էլ 3 տարիների ընթացքում չդարձավ քաղաքական դեմք, մենք գործ ունենք սոցիոպատիկ երևույթների հետ, նման տիպի մարդիկ արձագանքում են այդպես գահավիժող վարկանիշի ժամանակ և ես կարծում եմ, որ որևէ մեկին մոտ կասկած չկա, որ նրանց վարկանիշը գահավիժում է»,- նշեց նա:

Անդրադառնալով ռազմագերիների վերաբերյալ ՀՀ 3-րդ նախագահի մեկնաբանությանը և առաջարկին առ այն, որ Նիկոլ Փաշինյանի որդին փոխանակվի ռազմագերիների հետ, Հարությունյանն ասաց․

«Գերիներին մատնել են անտերության և շատ զարմանալի է, որ այս պարագայում պետք է սպասել 7 ամիս, որ հասարակությունից հնչեին հարցեր, իսկ Սերժ Սարգսյանը հստակ բարձրացներ այն հարցը, որը վաղուց է կախված օդում, թե ինչու՞ է մեր իշխանությունը անտարբեր գերիների ճակատագրի նկատմամբ, և դրանից հետո նոր Նիկոլ Փաշինյանը արձագանքեր այդ հարցին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

  • Կիսվել: