ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գերեվարված անձանց 100-ից ավելի գործերով հիմա Ադրբեջանի հետ ակտիվ կոմունիկացիայի փուլ է․ Արտակ Զեյնալյան

Գերեվարված անձանց 100-ից ավելի գործերով հիմա Ադրբեջանի հետ ակտիվ կոմունիկացիայի փուլ է․ Արտակ Զեյնալյան

44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ և դրանից հետո գերեվարված անձանց գործերով հիմա Ադրբեջանի հետ ակտիվ կոմունիկացիայի փուլ է ՄԻԵԴ-ում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, գերիների, անհետ կորածների, սպանվածների իրավունքների խախտման հարցերով զբաղվող Արտակ Զեյնալյանն ու հավելեց․ «Մենք ՄԻԵԴ ենք ներկայացնում փաստարկներ, հակափաստարկներ, ապացույցներ, Ադրբեջանն է մեզ ուղարկում, մենք դրանց հակափաստարկներ, դիրքորոշումներ ենք հայտնում՝ տրամադրում ՄԻԵԴ-ին, որն էլ փոխանցվում է Ադրբեջանին։ Այս պրոցեսը երկարատև է, ՄԻԵԴ-ում կոմունիկացիան վարում է կառավարության ներկայացուցչի գրասենյակը, բայց վճիռների կատարումը ԱԳՆ-ի իրավազորության ներքո է»։ 

Նրա խոսքով՝ իրենք այսօր 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո գերեվարված անձանցից 100-ից ավելի գործերով են զբաղվում։  

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Ադրբեջանը հաստատում է միայն 38 գերեվարված անձանց փաստը։ 

Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ կան ապացույցներ, որոնք թույլ են տալիս ողջամիտ եզրահանգումների գալ, որ շուրջ 80 անձ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի զինծառայողների կամ պետական գործակալների իրավազորության ներքո գերու կարգավիճակում են գտնվել․ «Հիմա այդ անձինք ողջ են, թե ողջ չեն՝ դժվար է ասել։ Այս անձանց վերաբերյալ տեղեկություն չկա, մենք Ադրբեջանի կառավարության հետ վեճի մեջ ենք ՄԻԵԴ-ի միջոցով, որովհետև փաստերը վկայում են, որ այդ անձինք ինչ-որ մի պահի ողջ գտնվել են Ադրբեջանի զինծառայողների կամ պետական գործակալների իրավազորության ներքո»։ 

Փաստաբանը շեշտեց, որ իրենք հիմա զբաղվում են նաև 2012-2013թթ․ գործերով․ «ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ վճիռներ ունի կայացրած և այդ վճիռների կատարման պրոցեսով ենք զբաղված՝ Մամիկոն Խոջոյանի, Կարեն Պետրոսյանի վճիռները կայացվել են անցյալ տարվա նոյեմբերին, սակայն դեպքերը 2012-2013թթ․ դեպքեր են»։ 

Նշենք, որ Ադրբեջանը շարունակաբար չի կատարում հայ գերիների խոշտանգման հարցերով, հայ զինծառայողների սպանությունների վերաբերյալ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները։ Արտակ Զեյնալյանը հիշատակեց, որ Ադրբեջանը չի կատարել դեռևս 12 տարի առաջ Ադրբեջանում գերության ժամանակ մահացած Մանվել Սարիբեկյանի գործով վճիռը, որը կայացվել է 2020թ․ հունվարի 30-ին, չի կատարել 18 տարի առաջ Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը․ «Վճիռների կատարումը գտնվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության ներքո։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում մենք ունենք մեր նախարարը և այստեղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը լուրջ անելիքներ ունի, որպեսզի այդ վճիռները կատարվեն։ Չկատարվելու դեպքում հիմա արդեն կան մեխանիզմներ, որ դիմենք նախարարների կոմիտեին, որպեսզի նախարարների կոմիտեն դիմի Եվրոպական դատարան, որպեսզի այդ վճռի կատարման հարցը նորից քննարկվի»։

Փաստաբանի խոսքով՝ եթե ՄԻԵԴ-ը գտնի, որ վճիռը չի կատարվել, ապա պետք է նոր վճիռ կայացնի և ճանաչի իրավունքի խախտման շարունակականությունը․ «Մենք էլ ենք այս ուղղությամբ աշխատում, բայց նաև ՀՀ ԱԳՆ-ն նախարարների կոմիտեում ակտիվ գործողություններ պետք է կատարի, որքան ակտիվ լինենք այդքան արագ կավարտվի վճռի կատարման հարցը»։ 

Արտակ Զեյնալյանը մեկնաբանեց, որ վճռի կատարումը տուժողին Ադրբեջանի կողմից գումարի վճարումը չէ։ Նրա մեկնաբանմամբ՝ գումարը երրորդական, չորրորդական տարր է, կարևորը՝ իրավունքի խախտման վերակագնումն է․ «Այսինքն` եթե չի իրականացվել քննություն, ապա պետք է քրեական գործ հարուցվի, տուժող ճանաչվի, տուժողը պետք է ունենա իրավահաջորդ և օգտվի բոլոր իրավունքներից, բացահայտվեն մեղավորները, դատապարտվեն իրենց կատարած հանցանքին համաչափ։»,-ասաց փաստաբանը։ 

Սակայն հարկ է ընդգծել, որ 2004թ․Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանողը՝ Ադրբեջանի զինծառայող Ռամիլ Սաֆարովը, Հունգարիայից արտահանձնվելուց հետո հերոսացվեց հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ 


  • Կիսվել: