Գերասիմ Վարդանյանի նկատմամբ առավել դաժան իրավական գործիքակազմ է օգտագործվում. պատգամավոր
Այս գործն ի սկզբանե հստակ քաղաքական ուղղորդում է ունեցել․ առավել ևս ամենաակտիվ հականիկոլական և ազգային ուժերից մեկի ներկայացուցչի՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում, և սա այդ դրվագներից մեկն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Պատահական չէ, որ Գերասիմին արդեն 3-րդ անգամ ձերբակալում են, իշխող ռեժիմը հասկանում է, որ միայն նման ձևով է հնարավոր որոշակի ժամանակահատվածում փորձել լռեցնել, բայց դա էլ արդյունք չունի։ Այս գործն ի սկզբանե ամբողջությամբ սնանկ է, իրավական անհեռանկար մի գործ, որտեղ փորձ է արվում Գերասիմ Վարդանյանին և մյուս պայքարողներին վերագրել մի բան, որն իրականության հետ առնչություն չունի»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով, Գերասիմ Վարդանյանի նկատմամբ առավել դաժան իրավական գործիքակազմ է օգտագործվում. «Մեկ այլ գործող տեսակցությունն արգելել, 2 ամիս խիստ կալանավորման պայմաններում պահել. Էս մարդիկ չեն հասկանում, որ դրանով հնարավոր չէ պայքարող տեսակին ընկճել: Քանի որ նիկոլական արդարադատության վրա հույս դնել չարժե, մենք մտածում ենք, որ այս պայքարը մինչեւ վերջ գնալու է: Ինչքան շուտ էս մարդիկ հասկանան, որ հնարավոր չէ էս մեթոդներով լռեցնել եւ հետ կանգնեն իրենց ապօրինի, հակաիրավական, հակաազգային վարքագծից, այնքան ավելի շուտ երկրում կհաստատվի խաղաղություն, համերաշխություն եւ հնարավորություն կունենանք մեր կորցրած հայրենիքի վերազատագրումն իրականացնել մեր իսկ ժողովրդի անվտանգության ապահովման համատեքստում»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը: