ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գեղարքունիքում 66,26 %-ը քվեարկել է ՔՊ-ի օգտին․ մարզպետ

Գեղարքունիքում 66,26 %-ը քվեարկել է ՔՊ-ի օգտին․ մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով մարզի բնակիչներին արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր ներկայացրած կուսակցությանը քվե տալու համար։

«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, ՀՀ ԿԸՀ-ն արդեն ամփոփել է Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ընտրություններին մասնակցածների 66,26 %-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Շնորհակալություն եմ հայտնում մեր կուսակցության նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար և հավաստիացնում, որ ձեր տված քվեն հնարավորություն է տալիս ավելի դրական, փոխվստահության ու կառուցողական մթնոլորտում շարունակել մեր աշխատանքները։

Այդ աշխատանքները չեն կարող արդյունավետ լինել առանց ձեր անմիջական մասնակցության, ստեղծարար ներուժի և հետևողականության։ Ուստի, հետևում թողնելով նախընտրական քարոզարշավին բնորոշ հռետորաբանությունը և տրամադրությունները, ժամանակն է, որ բոլորս միասին լծվենք մեր հայրենիքի, մարզի և համայնքների շենացման գործին՝ անկախ մեր քաղաքական նախապատվություններից ու հայացքներից։

Իմ ղեկավարությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը բաց է համագործակցության և ողջախոհ առաջարկություններին ընթացք տալու համար և պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակում ձեզ հետ միասին ապահովել մեր մարզի ներառական, կայուն և անվտանգ զարգացումը»։

  • Կիսվել: