երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԱԺ-ն մերժեց զոհված զինծառայողների ընտանիքի անդամների երաշխիքների մասին նախագիծը

ԱԺ-ն մերժեց զոհված զինծառայողների ընտանիքի անդամների երաշխիքների մասին նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգում։ Հարցին կողմ քվեարկեց 31 պատգամավոր, դեմ՝57, ձեռնպահ՝2, չի քվեարկել 4 պատգամավոր։ 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծով առաջարկվում էր սահմանել ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները:

Հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը նշել էր, որ մինչ այժմ այս ոլորտի օրենսդրական կարգավորումների դաշտում առկա է պատկեր, որտեղ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության երաշխիքները եւ արտոնությունները տրամադրվում են տարբեր օրենքներում առկա հոդվածներով, Կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առանձին որոշումներով, սակայն, ըստ նրա, կարեւոր է դրանք մեկտեղել մեկ օրենքում։ 

«Ուղարկել էին սոցապ նախարարի տեղակալին, որն ընդհանրապես տեղյակ չէր այդ նախագծից: Այս հարցը ոչ թե պետք է անհանգստացնի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին, այլ պետք է անհանգստացնի ձեզ՝ կառավարող ուժի խմբակցությանը: Այս նախագիծն առաջինը պետք է կառավարությունը բերի, որի հեշտացնի այդ մարդկանց գործը: Որ չգնան վարձ մուծելու, ամեն անգամ չասեն գնացեք այդ թուղթը բերեք, քննարկենք։ Այդ թղթի հետ ծնողը չի ուզում առնչվել: Դժվա՞ր է այնպես անել, որ այդ մարդիկ այդ տառապանքը ամեն օր չստանան, հավեսով դեմ եք քվեարկում, բա չե՞ք մտածում՝ ինչի՞ն եք դեմ քվեարկում »,- ասաց Նազարյանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագիծն ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելուն, քանի որ հեղինակի կողմից առաջարկված իրավական կարգավորումներն արդեն իսկ առկա են օրենսդրական դաշտում։ 

«Սա է եղել Կառավարության դիրքորոշումը եւ այս դիրքորոշման հիման վրա նաեւ գլխադասային հանձնաժողովը չի հաստատել նախագիծը, եւ հարակից զեկուցմամբ հանձնաժողովն էլ միջնորդեց, որպեսզի դեմ քվեարկենք, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- ասաց Կոնջորյանը։ 

 

  • Կիսվել: