հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի. Հայաստանում Չեխիայի դեսպան

Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի. Հայաստանում Չեխիայի դեսպան

Գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապաղ վերականգնվի, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին՝ հղում անելով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Փիթեր Սթանոյի հայտարարությանը:

«Ինչպես Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսնակն է նշել բոլորիս անունից տարածված հայտարարության մեջ՝ գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղին պետք է անհապա՛ղ վերականգնվի: Մենք հստակորեն աջակցում ենք Եվրոպական միության այս միասնական դիրքորոշմանը», -նշեց Չեխիայի Հանրապետության դեսպանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին:

Արցախում շուրջ 120 հազարի հասնող հայ բնակչությունը արդեն երկու շաբաթից ավելի, ընդ որում՝ եղանակային աննախադեպ ցուրտ պայմաններում, զրկված է բնական գազի ջեռուցումից: Ըստ պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունների՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքով խողովակաշարը պայթեցվել էր մարտի 8-ին: Երկարատև բանակցություններից հետո մարտի 18-ին հաջողվել էր այն ամբողջությամբ վերականգնել: Սակայն մարտի 21-ի ուշ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գ ազամատակարարումը: Նշվում էր, որ բավարար հիմքեր կան պնդելու, որ պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ գազամատակարարումը կրկին դադարեցվել է:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ կրկին խափանվել է ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ, Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, և այդպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից: Պաշտոնական Երևանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։

Մարտի 23-ին տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն էր տարածել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի խոսնակ Փիթեր Սթանոն՝ նշելով, որ Եվրամիությունը անհանգստացած է Ստեփանակերտին գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդումների կապակցությամբ: Խոսնակը Եվրամիության անունից շեշտել էր, որ տեղի տուժած բնակչության գազի մատակարարումը՝ հատկապես եղանակային վատ պայմաններում, շտապ անհրաժեշտություն է:

  • Կիսվել: