ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստեղծման 100-ամյակին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստեղծման 100-ամյակին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստեղծման 100-ամյակին:

՛՛1924 թ․ փետրվարին կազմավորվեց Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Հայկական Նախիջևանին Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակ տալը սահմանվել էր 1921 թ․ Մոսկվայի, և վերջինից բխող Կարսի պայմանագրերով, որոնց անօրինականությունը կասկածից վեր է առաջին հերթին այն պատճառով, որ պայմանավորվող կողմերը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէին։

Բացի այդ խորհրդա-քեմալական համաձայնությունը փաստացի շոշափում էր ոչ միայն զուտ ռուս-թուրքական կարգավորումները, այլև տվյալ պահին գոնե թե առերես անկախ հռչակված այլ պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքային-սահմանային խնդիրները։ Թեև հայկական, ադրբեջանական և վրացական պատվիրակությունները մասնակցել են Կարսի կոնֆերանսին, այնուհանդերձ այդ մասնակցությունը հավելյալ օրինականություն է տալիս պայմանագրին, քանի որ վերջինիս դրույթները պարտադրված կերպով բխել են Մոսկվայի պայմանագրից, որի ստորագրմանը ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը մասնակցություն չեն ունեցել։

Նախիջևանում հայերի նկատմամբ բռնություններ սկսվել էին դեռևս 1905 թ․ հայ-թաթարական բախումների ժամանակ։ Սակայն դրանք աննկարագրելի չափերի հասան 1918-1920 թթ․ ընթացքում, երբ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին ամեն գնով վերահսկողություն սահմանել ինչպես Լեռնային Ղարաբաղի և Սյունիքի, այնպես էլ Նախիջևանի նկատմամբ։

Բավական է ուշադրություն դարձնել ժողովրդագրական տվյալներին՝ պատկերացնելու համար հայկական ջարդերի ծավալները։ 1917 թ․ Նախիջևանում հայկական բնակչության թվաքանակը կազմել է շուրջ 54 հազար, մինչդեռ 1926 թ․ ընդամենը 11 հազար, իսկ մինչև 1979 թ․ Ադրբեջանի քողարկված ազգայնական քաղաքականության շնորհիվ Նախիջևանում հայ բնակչության թվաքանակը գրեթե քառակի նվազեց, 1988 թ․ Նախիջևանը առհասարակ և անդառնալի կերպով հայաթափվեց՝ ադրբեջանական ջարդարարության համար անպաշտպան թողնելով հազարամյա հայկական մշակութային ժառանգությունը։

Հայկական Նախիջևանը ուղիղ մեկ դար առաջ մանրադրամի պես օգտագործվեց խորհրդա-քեմալական ռազմաքաղաքական առևտրում, որից փաստացի օգտվեց Ադրբեջանը՝ իր կազմում ունենալով մի երկրամաս, որը հազարամյակներով պատկանել է հայկական քաղաքակրթական միջավայրին և հանդիսացել է այդ քաղաքակրթության ամենակարևոր օջախներից մեկը։ Վերջին տասնամյակներում ադրբեջանական բռնապետությունը շարունակաբար ջնջում է հայկական պատմամշակութային հետքը Նախիջևանից, ինչն առ այսօր մնացել է անպատիժ՝ ոգևորելով նմանատիպ այլ գործողությունների իրականացման հարցում, ինչին մենք արդեն իսկ ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղում՛՛,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: