հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գալիք տարվա առաջնահերթությունը Արցախի շահերի պաշտպանությունն է. Դավիթ Բաբայան

Գալիք տարվա առաջնահերթությունը Արցախի շահերի պաշտպանությունն է. Դավիթ Բաբայան

Փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր գերատեսչության աշխատանքը իրականացնենք այնպես, ինչպես որ հարկն է:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Ընդհանուր առմամբ` կարող եմ ասել, որ քրտնաջան աշխատանք ենք տարել և, հասկանալի պատճառներով, մեր աշխատանքի բնույթն էլ է որոշակիորեն փոխվել, աշխատանքի նոր ճակատներ են բացվել: Ընդհանրապես, մեր արտաքին քաղաքական օրակարգը, ավանդական հարցերը մնացել են անփոփոխ. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որոնց գումարվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են դեօկուպացիան և կարևորագույն առանցքային ևս մեկ առաջադրանք՝ Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը: Այս ամենը պահանջում է համակարգված աշխատանք, նաև թե՛ պետական, թե՛ Հայաստանի ու Սփյուռքի համապատասխան բոլոր կառույցների համախմբվածությունը, և մենք աշխատել ենք անել հնարավորը», - նշել է Դ. Բաբայանը:

Մեր զրուցակիցը որպես ոլորտի գալիք տարվա առաջնահերթություն առանձնացրեց Արցախի շահերի պաշտպանությունը:

«Դեռևս 2021թ. հունվար ամսին մի կարգախոս ենք ընտրել` որպես մեր աշխատանքի բնույթը, փիլիսոփայությունը բնութագրող, այն է՝ քիչ խոսել, շատ գործել: Մեր աշխատանքի մեծ մասը չի երևում, և մենք չենք տառապում բարդույթներով, իրականացնում ենք մեծածավալ աշխատանք, և այն, ինչ պետք է, շարունակելու ենք կատարել», - նշել է Դ. Բաբայանը: Շնորհավորելով մեր հայրենակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ նախարարը մաղթում է խաղաղություն, հնարավորինս անփորձանք կյանք, անսասան հավատք և լավատեսություն։ «Մենք հուսահատվելու իրավունք չունենք»,- ընդհանրացնում է Դ. Բաբայանը:

  • Կիսվել: