երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից․ 87 պատգամավոր կողմ էր

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից․ 87 պատգամավոր կողմ էր

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։

Քիչ առաջ ԱԺ նիստում Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ ներկայացված միջնորդությանը կողմ է քվեարկել 87 պատգամավոր։ Այսինքն՝ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկել ամբողջ կազմով և կողմ եղել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

ԱԺ նիստից «Իմ քայլից» բացակայել են Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնելով միջնորդությունը, հայտարարել էր.

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և նրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպեսզի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38, 154.2 հոդվածի երկրորդ մասով»:

Քվեարկությանը չմասնակցեցին «Բարգավաճ Հայաստան», այնպես էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: «Իմ քայլը» քվեարկելու էր ազատ։ Գագիկ Ծառուկյանը ելույթ էր ունեցել և հայտարարել էր, որ իրեն առնչվող քրեական գործերը հորինված են ու քաղաքական պատվեր են:

  • Կիսվել: