հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գաղափարական կուսակցությունների ձևավորումն ու կայացումը մեր քաղաքական ուժի նպատակներից են. Մակունց

Գաղափարական կուսակցությունների ձևավորումն ու կայացումը մեր քաղաքական ուժի նպատակներից են. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ այն անկյունաքարային է երկրում առողջ և ժողովրդավարական քաղաքական միջավայրի ձևավորման և զարգացման համար:

«Տարիներ ի վեր մեր երկրում քաղաքական կուսակցական համակարգը բնութագրվել է որպես անձակենտրոն, ապագաղափարական, ներքին ժողովրդավարության ակնհայտ պակաս ունեցող կուսակցությունների առատությամբ, որոնց գործունեության հիմքում հաճախ գերակշռել են առանձին անհատների շահերը և դրանց սպասարկելու համար ներդրված կարողությունները:

Գաղափարական հենք ունեցող կուսակցությունների ձևավորմանն ու կայացմանը նպաստելը, բազմակուսակցական համակարգի խթանումը, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ ապահովելը եղել է մեր քաղաքական ուժի կարևոր նպատակներից մեկը՝ ի սկզբանե: Այսօրվա փաթեթը մեր այդ հանձնառության իրագործումն է»,- նշեց Մակունցը՝ հիշեցնելով, որ նախագծով արգելվում են իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունները կուսակցություններին, ինչը բիզնեսի ազդեցությունը կսահմանափակի:

 

Արդյունավետ վերահսկողությունն, ըստ նախագծի, առաջարկվում է վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որին են վերապահվում նաև կուսակցությունների գործունեության նկատմամբ վերահսկողական մի շարք գործառույթներ, որոնք այժմ իրականացվում են ԿԸՀ-ի կողմից, որի կարգավիճակի, կարողությունների և իրական անկախության հետ կապված՝ տարիներ ի վեր արտահայտվել են որոշակի մտահոգություններ՝ նշեց Մակունցը:

  • Կիսվել: