կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Գագարինում մեկնարկել են խմելու ջրմատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները

Գագարինում մեկնարկել են խմելու ջրմատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները

Հուլիսի վերջին տասնօրյակից Գագարինում մեկնարկել են Սևան համայնքի 500 խորանարդ մետր տարողության օրվա կարգավորիչ ջրամբարի, մոտ 4.3 կիլոմետր բաշխիչ ցանցի, 85 հատ ջրաչափիչ հորի, 1 կիլոմետր կոյուղու և Սևան -2.2 կիլոմետր երկարության կոյուղու կոլեկտորների կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից: 
 
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն ջրամատակարարման և ջրահեռացման առկա խնդիրները, բնակիչների կենսագործունեության համար կստեղծվեն բավարար պայմաններ:
 
«Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր փուլ 3. Հայատան, ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով: Ծրագրի նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում նորով, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում։
 
Գագարինի համար կենսական նշանակություն ունեցող այս ծրագրի շինարարական աշխատանքների կապալառուն «Բլեսկ» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղն է՝ հանձինս «Եղվարդշին» ԲԲԸ կոնսորցիումի: Ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության կողմից:

  • Կիսվել: