ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիայի թեմը դատապարտում է վարչապետի մասին Կոմիտաս վարդապետի հայտարարությունները

Ֆրանսիայի թեմը դատապարտում է վարչապետի մասին Կոմիտաս վարդապետի հայտարարությունները

NewArmenia.am-ն արդեն հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը վերջերս Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում ենթադրյալ 5 միլիարդ դոլար կաշառք վերցնելու մեջ՝ հայտարարելով.

«Այսօր կշրջանառվի մի գաղափար, թե հայոց վարչապետը 5 միլիարդ դոլարի վաճառած է Հայաստանը, Արցախը»: Նա նաև հավելում է, թե չի հասկանում՝ վարչապետն ի՞նչ է անելու այդ 5 մլրդ-ը և խոսում է դրա արդյունքում վարչապետի, վարչապետի ընտանիքի վերաբերյալ նզովքների մասին։ 

Մեզ նաև տեղեկացրել էին, որ այս հայտարարությունները բուռն վրդովմունքի առիթ էին հանդիսացել Սուրբ ծննդյան պատարագին ներկաների շրջանում, և Ֆրանսիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ ստիպված են եղել դիտողություն անել հոգևորականին։ Ավելին՝ ներկաները կարծիք էին հայտնել, որ դա արվում է Առաքելական եկեղեցու ղեկավարության հրահանգով:

NewArmenia.am-ը փորձեց ճշտել Հայ Առաքելական եկեղեցու տեսակետը հայր Կոմիտասի վարքի առթիվ և թե որն է եկեղեցու դիքորոշումն այդ առթիվ:

Հիշեցնենք, որ ժամանակ առաջ Հայ Առաքելական եկեղեցին հայտարարեց, թե քահանան քաղաքացիական դիրքորոշում է արտահայտել, երբ Սիսիանի եկեղեցում քահանան հրաժարվեց բարևել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ժեստով նրան դուրս հրավիրեց եկեղեցուց:  

Առաքելական եկեղեցու մամլո դիվանից այսօր մեզ ուղարկել են Ֆրասիայի թեմի արձագանքը հայր Կոմիտասի հայտարարության վերաբերյալ:

«Մամուլի մէջ վերջերս լայն արձագանք գտեր է Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի՝ Ֆրանսայի Թեմի՝ Նիս քաղաքի Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ մէջ Սուրբ Ծննդեան տօնի առիթով խօսուած քարոզի արտայայտութիւնները՝ կապուած ՀՀ վարչապետ Տիար Նիկոլ Փաշինյանի անուան հետ: Սխալ եւ անվայել է եկեղեցականի կողմէն Սուրբ Խորանն ու Եկեղեցին օգտագործել անվաւեր նիւթի վերարծածումի համար: Հոգեւոր հովիւին հորդորուել է զերծ մնալ նման գործելակերպէն»,-գրված է արձագանքում:

  • Կիսվել: