Ֆրանսիան Գորիսում հյուպատոսական գործակալություն կբացի․ արտգործնախարար
Ֆրանսիան հյուպատոսական գործակալություն կբացի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Այսօր Երևանում այս մասին հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ապակենտրոնացման համագործակցության ոլորտում շուտով Գորիսում տեղի կունենա «Ապակենտրոնացված համագործակցության» 5-րդ կոնֆերանսը։ Սա շատ կարևոր համագործակցություն է մեր երկու երկրների միջև։ Սա նաև քաղաքական ազդանշան է, որ այն տեղի է ունենում Սյունիքում, և այս առիթով Գորիսում Ֆրանսիան հյուպատոսական գործակալություն կբացի»,- ասաց ֆրանսիացի նախարարը։
Նա ընդգծեց՝ քանի որ Հայաստանի հետ Ֆրանսիան երկարատև պարտավորություն է ստանձնել, այսօր մի քանի փաստաթուղթ է ստորագրվել, որոնք դառնալու են այդ հարաբերությունների խարիսխը։
Նախարարը հավելեց` Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն մեծապես ռազմավարական համագործակցություն է հաստատված։
«Հարկ եմ համարում նաև ընդգծել մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում՝ թե՛ մասնագետների վերապատրաստումների, թե՛ սպառազինությունների տրամադրման հարցում։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու երկրի պաշտպանությունն ու սուվերենությունը»,- ասաց Բարոն։
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները երբևէ այսքան ինտենսիվ և վստահելի չեն եղել։ «Մեզ կապում է երկարամյա բարեկամությունը և հավատարմությունը նախ համատեղ պատմությանը»,– նշեց ֆրանսիացի պաշտոնյան։
Բարոն հիշեցրեց՝ Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում խաղաղության համաձայնագրին, որը դժվարին բանակցությունների միջոցով ի վերջո համաձայնեցվել է։ Նա կրկնեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը՝ «Ժամանակն է այն ստորագրելու և վավերացնելու»։
Արտգործնախարարը շեշտեց՝ Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և նաև Հայաստանի կողքին, աջակցում է ՀՀ սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։