երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ֆրանսիան պետք է գործուն քայլեր ձեռնարկի Արցախին օգնելու համար, այս կամ մյուս շաբաթ սպասում ենք նորությունների. Ֆրանսիայի հայերը՝ Մակրոնի հետ հանդիպումից հետո

Ֆրանսիան պետք է գործուն քայլեր ձեռնարկի Արցախին օգնելու համար, այս կամ մյուս շաբաթ սպասում ենք նորությունների. Ֆրանսիայի հայերը՝ Մակրոնի հետ հանդիպումից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին եւ Մուրադ Փափազյանին։

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց այս հանդիպման կարեւորությունը՝ նշելով, որ հայ համայնքի ներկայացուցիչների ընդունելություն նախագահների մակարդակով տեղի է ունենում միայն Ֆրանսիայում։

Նա պատմեց, որ Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը վաղուց սերտ հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի կառավարության հետ, այդ թվում՝ նախագահներ Շիրակի, Սարկոզիի, Օլանդի ժամանակներից, կազմակերպությունը ներկա է ողջ երկրում, ներառում է երկրի բոլոր հայկական կազմակերպությունները եւ սերտորեն ներկայացված է երկրի բոլոր համակարգերում։

«Մակրոնը հիանալի գիտի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, ամեն տարի նա կամ նրա ներկայացուցիչը գալիս է մեր կազմակերպած ընդունելությանը։ Մակրոնն ավելի վաղ խոսել էր հայերին մենակ թողնելու անթույլատրելիության մասին ու խոստացել օգնել։ Հիմա խոսքերից գործի անցնելու ժամանակն է։ Մենք կարծում ենք, որ Ֆրանսիան պետք է օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ կանխի հումանիտար ճգնաժամի խորացումը՝ շրջափակման եւ սննդի ու դեղորայքի պակասի պայմաններում։ Նման օգնությունը կարող է նաեւ որոշակի քաղաքական ազդեցություն ունենալ»,- ասաց Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։

Նա կարծում է, որ Ֆրանսիան պետք է էլ ավելի ակտիվանա տեղում, ինչպես նաեւ՝ դիվանագիտական մակարդակում։

«Սպասում ենք նորությունների։ Այս կամ հաջորդ շաբաթ նորությունների ենք սպասում։ Հուսով եմ, որ ինչ-որ բան տեղի կունենա: Մենք հայտարարել ենք, որ իրավիճակը ծանր է, եւ աշխարհը պետք է ավելի շատ ջանք ներդնի: Ադրբեջանն ուզում է մեկուսացնել հայերին ամբողջ աշխարհից, բայց մենք ինքներս պետք է մեկուսացնենք Ադրբեջանին եւ մենակ թողնենք նրան աշխարհում։ Ֆրանսիան այլ երկրների հետ կարող է օգնություն ցուցաբերել հայերին։ Փարիզն այս հարցում կարող է ընդհանուր լեզու գտնել ամերիկացիների եւ նույնիսկ ռուսների հետ»,- ընդգծեց Թորանյանը։

Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում ռազմական կամ լուրջ տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ։ Եթե Հայաստանի դեմ քայլեր ձեռնարկվեն, չեմ կարծում, որ Ֆրանսիան, եւ ոչ միայն Ֆրանսիան, պետք է ձեռքերը ծալած նստի ու թողնի, որ Հայաստանը հայտնվի ծանր վիճակում։ Հիմա ամբողջ օգնությունը գնում է Ուկրաինային, բայց Հայաստանի հարցը նույնպես կարեւոր տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի համար»։

  • Կիսվել: