ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին

Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին

Ադրբեջանի նախագահի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Իլհամ Ալիեւը երեկ պնդել էր, թե «հակաադրբեջանական որոշ դրույթներ հանվել են» Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում շաբաթավերջին ընդունված ու Հայաստանին համերաշխություն հայտնող բանաձևից։

«Ազատության» ձեռքի տակ է հայտնվել «Ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևի նախագիծը, որն ընդունվել է, բայց վաղն է պաշտոնապես հրապարակվելու։ Հունանյանը հաստատեց՝ հենց այդ փաստաթուղթն է ընդունվել։

Կետերից մեկով կազմակերպության 50-ից ավելի երկրներն իրենց համերաշխությունն են հայտնում անդամ Հայաստանին, նաև մտահոգությունն արտահայտում բոլորովին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղ գտած ռազմական էսկալացիայի, հատկապես այդ առճակատման հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ: Նաև ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորում գտնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:

Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե բանաձևից որոշ դրույթներ հանվել են Բաքվի դիվանագիտական ջանքերի շնորհիվ։

«Այդ բոլոր փաստաթղթերը ինչպես որ ներկայացվել են նախարարական համաժողովում, այդպես էլ ընդունվել են կազմակերպության կողմից, այսինքն՝ նախագիծն ամբողջությամբ ընդունվել է գագաթնաժողովի կողմից», - ասաց Վահան Հունանյանը:

Ըստ «Ազատության» ձեռքի տակ եղած նախագծի՝ հայ-ադրբեջանական ու Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կետերի վերաբերյալ վերապահումներ են ունեցել Ալբանիան, Ռումինիան ու Մոլդովան։ Ըստ Հունանյանի՝ եղել են երկրներ, որ փորձել են խոչընդոտել ձևակերպումների ընդունմանը, բայց ի վերջո բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր:

«Մասնավորապես Ալբանիան Ռումինիայի և Մոլդովայի աջակցությամբ փորձում էր վերաբացել այդ կետերի շուրջ քննարկում, սակայն թե հայկական պատվիրության նախարարական համաժողովի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ աշխատանքի շնորհիվ այդ ամբողջ օրվա ընթացքում, և ընդհանրապես Ֆրանկոֆոնիայում առկա Հայաստանի նկատմամբ համերաշխությունը բերեց նրան, որ այդ քննարկումը տեղի չունեցավ, այսինքն՝ չկարողացան ադրբեջանական ազդեցության տակ այդ նախաձեռնությունն արած երկրները հասնել իրենց ուզածին, և ի վերջո բանաձևն ընդունվեց այնպես, ինչպես նախատեսված էր», - նշեց Հունանյանը՝ հավելելով. «Ըստ էության, վերապահում ունենալը չի նշանակում, որ նախագիծը որևէ կերպ փոխվում է, նախագիծը փոխհամաձայնությամբ՝ 54 անդամ երկրների անցել է: Պարզապես այդ երկրները կատարել են վերապահում, այսինքն՝ իրենք չեն ընդունում դա, որը նորմալ պրակտիկա է: Իհարկե, կարելի էր պատկերացնել նույնպես մի ծայրահեղ սցենար, որի դեպքում այդ երկրները կփորձեին վետոյի պրոցեդուրան, գործընթաց որոշակի սկսել, բայց նրանք դրան չեն գնացել, որովհետև ինչպես նշեցի, ճնշող մեծամասնությունը կազմակերպության անդամների կողմ էին, որ դա այդպես ընդունվեր, և եթե իրենք փորձեին այդ վետոյի պրոցեդուրան գործընթաց սկսել, դա կնշանակեր ամբողջ կազմակերպությանը դեմ գնալ, և դա աննախադեպ բան կլիներ, ըստ այդմ իրենք պարզապես վերապահում են արել»:

  • Կիսվել: