երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինն օտարել է Դուբայի մեկ տասնյակ տները. ընդհանուր արժեքը՝ 4 մլն դոլար

Ֆինանսների նախկին փոխնախարարի կինն օտարել է Դուբայի մեկ տասնյակ տները. ընդհանուր արժեքը՝ 4 մլն դոլար

Հայաստանի ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանը Դուբայում մինչեւ վերջերս 10-ից ավելի անշարժ գույք ուներ: Նախկինում այդ գույքը գրանցված էր նրա անունով, իսկ հետո սեփականատեր է դարձել կինը՝ Ալվարդ Մովսեսյանը: Նա էլ իր հերթին օտարել է գույքի մեծ մասը: Օտարված գույքի ներկա շուկայական ընդհանուր արժեքը մոտ 4 մլն դոլար է: Գրում է «Հետքը»։

Արթուր Սերգեյի Աֆրիկյանը բավական երկար ժամանակ տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ հարկային ու մաքսային ոլորտում: Մասնագիտությամբ տնտեսագետ Աֆրիկյանն այս բնագավառ է մտել դեռ 1980-ականներին: Հետագայում տարածքային հարկային տեսչությունների պետի պաշտոնից հասել է պետեկամուտների նախարարի խորհրդականի պաշտոնին (2000-2001 թթ.), ապա դարձել ՊԵ նախարարությունից առանձնացված Մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար (2001-2002 թթ.), 2002-2008 թթ.՝ աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ: Հիշեցնենք, որ 2001-2008 թթ. ՄՊԿ-ի նախագահը Արմեն Ավետիսյանն էր, որին փոխարինեց Գագիկ Խաչատրյանը:

Հենց Խաչատրյանի օրոք էլ՝ 2008-ի հունիսին, Աֆրիկյանը դարձավ մաքսայինի ղեկավարի տեղակալ, իսկ ամիսներ անց, երբ ՄՊԿ-ն ու Հարկային պետական ծառայությունը միավորվեցին որպես Պետեկամուտների կոմիտե, եւ նախագահ նշանակվեց Գ. Խաչատրյանը, Աֆրիկյանը նշանակվեց նրա առաջին տեղակալ: 2011-ին նախագահ Սերժ Սարգսյանը Ա. Աֆրիկյանին շնորհեց մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում: 2014-ին ՊԵԿ-ը միացավ Ֆինանսների նախարարությանը, Գ. Խաչատրյանն էլ դարձավ նախարար՝ Աֆրիկյանին տանելով իր հետ: 2014-2016 թթ. Ա. Աֆրիկյանը ֆինանսների փոխնախարար էր:

2016-ի մարտին ՊԵԿ-ը նորից առանձնացավ Ֆիննախից, դրա նախագահ նշանակվեց Հովհաննես Հովսեփյանը, նրա առաջին տեղակալ՝ Արթուր Աֆրիկյանը: Երկուսն էլ իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին նույն տարվա հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ սեպտեմբերին վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի ղեկավարումը վստահեց իր գործընկեր Վարդան Հարությունյանին:

Պաշտոնավարման տարիներին Ա. Աֆրիկյանը հասցրել է բնակարաններ ձեռք բերել Դուբայի շքեղ համալիրներում:

2018-ի աշնանը, հիմնվելով Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP, այս ցանցի անդամ է նաեւ «Հետքը») մեր գործընկերներից ստացած տվյալների վրա, գրել էինք Դուբայում անշարժ գույք ձեռք բերած հայ սեփականատերերի, այդ թվում՝ Արթուր Աֆրիկյանի մասին:

Այն ժամանակ գրել էինք, որ Աֆրիկյանը 7 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Դուբայում: OCCRP-ից ստացած նոր տվյալները ցույց են տալիս, որ դրանց թիվն ավելի շատ է եղել:

Մեր ունեցած տվյալներում այդ 7 գույքից 2-ի պարագայում Աֆրիկյանը նշված էր որպես վաճառող, իսկ գործարքների տարեթիվը՝ 2014 թ.: Նախկին պաշտոնյան այն ժամանակ օտարել էր արմավենու տեսքով հայտնի արհեստական կղզու՝ «Palm Jumeirah»-ի «ցողունի» վրա գտնվող «Marina Residences» համալիրի իր 2 բնակարանները: Այս համալիրը բաղկացած է միանման 6 բարձրահարկերից եւ դրանց միջեւ գտնվող 6 ցածրահարկ շինություններից՝ «townhouse»-ներից: Աֆրիկյանի բնակարաններից մեկը գտնվում էր 4-րդ շենքում, իսկ մյուսը՝ «townhouse»-ներից մեկում:

2014 թ. մայիսին, երբ դարձել էր ֆինանսների փոխնախարար, այդ պահին ունեցած իր գույքն ու եկամուտները հայտարարագրելիս Աֆրիկյանը որպես անշարժ գույք նշել էր միայն 1 բնակարան ու 1 ավտոտնակ: Իսկ 2014 թ. տարեկան հայտարարագրերում, որտեղ պետք է ներկայացվեր տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված ու օտարված գույքը, նախկին պաշտոնյան ոչ մի գործարք չէր նշել:

Հարկ է նկատել, որ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեորեն պատժելի արարք է համարվում 2017-ի հուլիսից այս կողմ, իսկ Արթուր Աֆրիկյանն իր վերջին հայտարարագիրը ներկայացրել է 2016-ի նոյեմբերին:

2018-ին գրել էինք, որ Աֆրիկյանը 2014-2015 թթ. ոչ միայն 2 բնակարան է օտարել «Marina Residences» համալիրում, այլեւ ձեռք է բերել 4 բնակարան Դուբայի կենտրոնական Բուրջ Խալիֆա թաղամասի «Address Downtown» 5-աստղանի հյուրանոցում, որտեղ կան ոչ միայն հյուրանոցային համարներ, այլեւ վաճառքի ենթակա բնակարաններ: Նշել էինք, որ նախկին պաշտոնյայի տները գտնվում են 63 հարկ ունեցող հյուրանոցի 16-րդ, 25-րդ, 43-րդ ու 47-րդ հարկերում: 

Եվ ահա «Հետքի» ձեռք բերած նոր տվյալները ցույց են տալիս, որ «Address Downtown»-ում Աֆրիկյանի տները ոչ թե 4-ն են եղել, այլ 8-ը: Դրանք գտնվում են 16-րդ, 25-րդ, 32-րդ, 41-րդ, 43-րդ ու 47-րդ հարկերում: Ընդ որում՝ 47-րդ հարկում նախկին պաշտոնյան գնել է 3 բնակարան:

2018-ին գրել էինք 2014-2015 թթ. ընթացքում Աֆրիկյանի ձեռք բերած եւս մի բնակարանի մասին: Այն նույնպես գտնվում է Դուբայի կենտրոնում՝ «Address Downtown»-ի հարեւանությամբ՝ 5-աստղանի «Address Dubai Mall» հյուրանոցում: Այստեղ եւս առաջարկվում են ոչ միայն հյուրանոցային համարներ, այլեւ օտարման ենթակա բնակարաններ: Նախկին պաշտոնյան բնակարան է գնել 37-հարկանի շինության 33-րդ հարկում:   

2011-2016 թթ. Արթուր Աֆրիկյանը ներկայացրել է գույքի ու եկամուտների հայտարարագրեր, սակայն, դրանցում չի երեւում որեւէ գործողություն (գնում կամ օտարում) անշարժ գույքի մասով:

Աֆրիկյանի արաբական գույքի սեփականատեր է գրանցվել կինը

Դուբայում գույք ձեռք բերած պաշտոնյաների ու մեծահարուստների մասին մեր առաջին հոդվածը հրապարակել էինք 2018-ի նոյեմբերին: Այն ժամանակ փորձել էինք կապ հաստատել Արթուր Աֆրիկյանի հետ՝ նրանից մեկնաբանություն վերցնելու համար, սակայն հեռախոսահամարն անհասանելի էր: «Հետքի» աղբյուրը փոխանցել էր, որ «թավշյա հեղափոխության» օրերին Աֆրիկյանը մեկնել է ԱՄՆ: Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ նախկին պաշտոնյան Հայաստանը լքել է 2018 թ. հունիսին:

Մեր առաջին հրապարակումից հետո պարզել ենք, որ Ա. Աֆրիկյանի տները գրանցվել են նրա կնոջ՝ Ալվարդ Մովսեսյանի անունով:

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարատու անձի ամուսինը եւս հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունի, բայց 62-ամյա Աֆրիկյանն իր հայտարարագրերից ոչ մեկում որպես փոխկապակցված անձ չի նշել 52-ամյա Մովսեսյանի անունը, եւ վերջինս հայտարարագրեր երբեւէ չի ներկայացրել (բացի դրանից՝ նրանք հաշվառված են Երեւանի տարբեր հասցեներում, ինչը, սակայն, օրենքի տեսանկյունից որեւէ նշանակություն չունի): Հարկ է նկատել, որ օրենքը չի կոնկրետացնում՝ խոսքը միայն պետական գրանցում ստացա՞ծ, թե՞ նաեւ քաղաքացիական ամուսնության մասին է:

Այսպիսով՝ չնայած Աֆրիկյանն ու Մովսեսյանն ամուսիններ են, պաշտոնական հրապարակային որեւէ աղբյուրում դա չի երեւում, ու գուցե սա է պատճառը, որ Հայաստանից հեռացած նախկին պաշտոնյան մեր առաջին հոդվածից հետո իր մեծածավալ ու թանկարժեք արաբական գույքը գրանցել է կնոջ անունով՝ ենթադրաբար, փորձելով «մաքրել հետքերը»:

Ալվարդ Մովսեսյանն օտարել է 9 բնակարանները

Այդուհանդերձ, Դուբայի կադաստրի տվյալները ցույց են տալիս, որ ներկայում «Address Dubai Mall»-ի 1 եւ «Address Downtown»-ի 8 բնակարաններն այլեւս Ալվարդ Մովսեսյանի կամ Արթուր Աֆրիկյանի անունով չեն, այսինքն՝ Մովսեսյանն օտարել է դրանք:

«Address Dubai Mall»-ի 33-րդ հարկում գտնվող բնակարանը ստուդիա է (առանց միջնապատերի փոքր բնակարան), մակերեսը՝ 51 քմ, ունի պատշգամբ (5 քմ): Մովսեսյանն այստեղ նաեւ ավտոկայանատեղ ուներ:

Չնայած ներկայում բնակարանը վարձակալության հանձնված չէ, ըստ Դուբայի կադաստրի՝ Բուրջ Խալիֆա թաղամասում ստուդիայի տարեկան վարձավճարը կարող է լինել 58.000-70.000 արաբական դիրհամ (16-19 հազ. դոլար), որը չի ներառում կոմունալ ծառայությունների վճարները: Քանի որ Դուբայի կադաստրի համաձայն՝ այս գույքին վերաբերող վերջին գործարքը կատարվել է 2022-ին, կարող ենք ասել, որ Ալվարդ Մովսեսյանը ստուդիան օտարել է նախորդ տարի կամ դրանից առաջ: Այժմ «Address Dubai Mall»-ում ստուդիա կարելի է գնել 1,5 մլն արաբական դիրհամից սկսած (408 հազ. դոլար):

«Address Downtown»-ի 8 միավոր գույքից 7-ը եւս ստուդիաներ են, յուրաքանչյուրի մակերեսը՝ 48 քմ: Պատշգամբներ առկա չեն, սակայն Մովսեսյանը ստուդիաների թվով նաեւ ավտոկայանատեղեր ուներ: Ներկա տվյալներով՝ այս բնակարանները չունեն վարձակալներ, բայց ունենալու դեպքում վարձավճարը կարող էր տատանվել 58.000-70.000 դիրհամի տիրույթում: Ըստ Դուբայի կադաստրի՝ ստուդիաներից 2-ի վերաբերյալ վերջին անգամ գործարք է արվել 2020-ին, 1-ի մասով՝ 2021-ին, 4-ի մասով՝ 2022-ին: Սա նշանակում է, որ Ալվարդ Մովսեսյանը ամենաուշն այդ տարիներին է օտարել 7 ստուդիաները: «Address Downtown»-ում ներկայում կարելի է ստուդիա ձեռք բերել սկսած 1,55 մլն արաբական դիրհամից (422 հազ. դոլար):  

Ինչ վերաբերում է «Address Downtown»-ում ունեցած վերջին գույքին, ապա այն 63-հարկանի հյուրանոցի 25-րդ հարկում գտնվող 1 ննջասենյակով բնակարան է, մակերեսը՝ 87 քմ, ունի պատշգամբ (11 քմ), ավտոկայանատեղ: Դուբայի կադաստրի համաձայն՝ Բուրջ Խալիֆա թաղամասում 1 ննջասենյակ ունեցող բնակարանի տարեկան վարձակալության գինը 82.000-100.000 արաբական դիրհամ է (22-27 հազ. դոլար), չնայած ներկայում տունը վարձակալ չունի: Բնակարանին առնչվող վերջին գործարքն արվել է 2020-ին, այսինքն՝ Մովսեսյանը տունն օտարել է ամենաուշը այդ տարում: 2023 թ. մայիսին բնակարանի վրա Դուբայի կադաստրի կողմից արգելանք է դրվել, սակայն դա, թերեւս, կապ չունի Աֆրիկյան-Մովսեսյան զույգի հետ: «Address Downtown»-ում 1 ննջասենյակով բնակարանները վաճառվում են սկսած 2,3 մլն արաբական դիրհամից (626 հազ. դոլար):

Այսպիսով՝ Դուբայի կենտրոնում գտնվող երկու հյուրանոցներում Ալվարդ Մովսեսյանի օտարած 9 բնակարանների ներկա շուկայական ընդհանուր արժեքը շուրջ 4 մլն դոլար է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

  • Կիսվել: