կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ֆաշիզմի և նացիզմի դեմ տարած հաղթանակն անուրանալի է, սակայն ես հարց ունեմ նախագծի հեղինակներին. Արման Եղոյան

Ֆաշիզմի և նացիզմի դեմ տարած հաղթանակն անուրանալի է, սակայն ես հարց ունեմ նախագծի հեղինակներին. Արման Եղոյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խորհրդարանը մերժեց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը, որից հետո ելույթով հանդես եկավ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, որն իր խոսքում ընդգծեց՝ ֆաշիզմի և նացիզմի դեմ տարած հաղթանակն անուրանալի է և մարդկության պատմության մեծագույն իրադարձություններից է, սակայն ինքը հարց ունի նախագծի հեղինակներին:

«Պարո՛ն Աբրահամյան («Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան - խմբ.), սովետական պատմագրությունը Հայրենական մեծ պատերազմ է կոչում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց 1 տարի 10 ամիս անց սկսված մի պատերազմ, որը ընդհանուր՝ Երկրորդ համաշխարհայինի պատերազմներից մեկն էր, մասնավորապես, Սովետական Միության և Գերմանիայի միջև մղվող:

Սովետական պատմագրությունը դա իր տեսանկյունից անվանում է Հայրենական մեծ պատերազմ:

Ինչպե՞ս եք դուք գնահատում մինչև այդ պատերազմի սկսվելը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո և մինչև այդ պատերազմի սկսվելը, Սովետական Միության և Նացիստական Գերմանիայի միջև համագործակցությունը, մասնավորապես, այդ համագործակցության շրջանակում Սովետական Միության կողմից եվրոպական 6 պետությունների վրա հարձակումը, մասնավորապես՝ Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի:

Բոլոր այս դեպքերում Սովետական Միությունը իր տեսանկյունից ունեցել է որոշակի հաջողություն, որոշակի տարածքներ է վերցրել Ֆինլանդիայից, ամբողջությամբ օկուպացրել է Էստոնիան, Լատվիան, Լիտվան, այն ժամանակվա Լեհաստանի կեսը, Ռումինիայի մի մեծ հատվածը, որ այսօր Մոլդովայի Հանրապետությունն է:

Ինչպես այդ գործողությունները անվանենք, ինչպես դրանց վերաբերվենք: Ճի՞շտ է արել, սխա՞լ է արել: Ի՞նչ կասեք»,- ասաց պատգամավորը:

Ի պատասխան՝ Տիգրան Աբրահամյանը նշեց՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար մշտապես թեժ քննարկման առարկա եղող թեմայի մեջ ներգրավվածություն ունենալու նպատակահարմարություն չի տեսնում: 

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հեղինակել էր «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ԱԺ հայտարարության նախագիծ, որը բացասական եզրակացություն էր ստացել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում:  

Նախագծի հիմնավորումն այն է, որ այս տարի լրանում է հաղթանակի 80-ամյակը, ու շատ երկրներում այս առիթով տարբեր խորհրդանշական միջոցառումներ են իրականացվում:

Ըստ այդմ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է հայտարարություն ընդունել, որի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով և դրանում հայ ժողովրդի մասնակցությամբ:

  • Կիսվել: