Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցիչը բարձր է գնահատել Ստրասբուրգի քաղաքապետի՝ Հայաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունքը
Ս.թ. սեպտեմբերի 9-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ Ստրասբուրգի քաղաքապետ Կատրին Տրոթմանի հետ՝ քաղաքապետի պաշտոնում նրա ընտրվելուց հետո։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Ստրասբուրգի միջև ձևավորված բարեկամական կապերը, ընթացիկ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում համագործակցության նոր նախաձեռնությունների հնարավորությունները։
Կարևորվեց Ստրասբուրգի և Վանաձորի միջև ձևավորված համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում՝ կանանց հզորացման, տեղական ժողովրդավարության և մասնակցային կառավարման զարգացման ուղղություններով։
Դեսպան Պապիկյանը բարձր գնահատեց քաղաքապետ Կատրին Տրոթմանի՝ Հայաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունքը, ինչպես նաև եվրոպական մայրաքաղաք համարվող Ստրասբուրգի կողմից Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը։
Հանդիպման ավարտին դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց Կատրին Տրոթմանին ջերմ ընդունելության համար և Ստրասբուրգ քաղաքի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում» կատարեց հետևյալ գրառումը․
«Մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության անունից իմ հարգանքի հավաստիքը հայտնել եվրոպական մայրաքաղաք Ստրասբուրգին՝ խաղաղության, ժողովրդավարության և համերաշխության արժեքներին նվիրվածության համար, որոնց վրա խարսխված է նաև հայ-ֆրանսիական պատմական բարեկամությունը։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ստրասբուրգի քաղաքապետ տիկին Կատրին Տրոթմանին՝ Հայաստանի հանդեպ բարեկամության համար»։



