Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այցելում է Հայաստան
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-12-ը կայցելի Հայաստան։ Գլխավոր քարտուղարը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։ Նա նաև հանդես կգա հանրային բանախոսությամբ եւ հանդիպում կունենա Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ։ Այս մասին հաղորդում է ԵԽ մեդիայի ծառայությունը։
«Այս այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հարավային Կովկասը կանգնած է կարևոր մարտահրավերների առջեւ։ Գլխավոր քարտուղարը կհաստատի Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի արագ ստորագրման հարցում՝ ուղերձ, որը նա արդեն անձամբ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ մայիսին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, որտեղ նշել է․ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները չափազանց կարեւոր են։ Մենք պետք է միասին աշխատենք՝ կայունության համար լավագույն որոշումները կայացնելու ուղղությամբ»»,- ասված է ԵԽ հաղորդագրության մեջ։
Քանի որ Հայաստանը 2026 թվականի գարնանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, երեւանյան հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվելու հարցին, թե ինչպես կարող է Եվրոպայի խորհուրդը նպաստել տարածաշրջանի դերի ամրապնդմանը նոր եվրոպական ժողովրդավարական անվտանգության ճարտարապետության մեջ։