ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եվրոպան պետք է գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից. Փաշինյան

Եվրոպան պետք է գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է հստակ դատապարտեն Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա: 

Աս մասին նա ասել է գերմանական առաջատար ՛՛Բիլդ՛՛ պարբերականին տված հարցազրույցում:

Վարչապետը, մասնավորապես, նշել է. ՛՛Ես կարծում եմ, որ եվրոպական երկրները պետք է հստակ դատապարտեն բռնությունը, բռնությունների մեկնարկը և Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա: Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում՛՛:

Ըստ Փաշինյանի՝ Եվրոպան պետք է գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից, որոնք վարձվել են Սիրիայում:

Նա անդրադարձել է նաև գերմանացի լրագրողի այն հարցին, թե առկա իրավիճակում ի՞նչ կարող է անել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Փաշինյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Կարծում եմ, որ նման լիդերների ձայնը՝ ճշմարտությունից բխող, կարող է մեծ ազդեցություն ունենալ իրականության վրա: Գիտեք, ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։

Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու:

Ըստ էության, նույն բանը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է՛՛:

  • Կիսվել: