երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը, որով այդ երկրին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը, որով այդ երկրին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը: Զեկույցն ընդունվել է 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին և Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Այսպես՝ զեկույցում հղում է կատարվում Եվրոպական խորհրդարանի 2015 թ. ապրիլի 15-ի զեկույցին և Թուրքիային կրկին կոչ է արվում՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Բացի այդ՝ Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնում, որ վերջին տարիների Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հակասում է Եվրոպական միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայություններին, այդ թվում՝ Կովկասի մասով:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա այս առնչությամբ Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Թուրքիայի և Հայաստանի՝ երկկողմ շփումներ սկսելու որոշումը և ԵՄ-ին կոչ է անում ակտիվորեն աջակցելու այդ գործընթացին: Այն նաև Թուրքիային հորդորում է ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման համար, լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգության պաշտպանության իր պարտավորությունները:

Ազգային փոքրամասնությունների առնչությամբ զեկույցում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ակտիվացնել ջանքերը այդ երկրի հայերի և այլ փոքրամասնությունների ծանր վիճակի արդյունավետ կարգավորման ուղղությամբ:

Զեկույցում անդրադարձ կա նաև ՛՛Գորշ գայլերին՛՛: Եվրախորհրդարանը Եվրամիությանը և անդամ պետություններին հորդորում է ուսումնասիրել այդ երկրներում նրանց գործունեությունն արգելելու հնարավորությունը:

  • Կիսվել: