երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրամիությունը Հայաստանի հետ ավելի ամուր և ավելի խորը հարաբերություններ է ակնկալում. Գերմանիայի ԱԳ նախարար

Եվրամիությունը Հայաստանի հետ ավելի ամուր և ավելի խորը հարաբերություններ է ակնկալում. Գերմանիայի ԱԳ նախարար

Եվրամիությունը Հայաստանի հետ ավելի ամուր և ավելի խորը հարաբերություններ է ակնկալում։ Այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքան, որքան ԵՄ-ն դրան պատրաստ կլինի։

Ըստ նրա՝ Հայաստանն ու Գերմանիան այս ուղղությամբ մտքեր են փոխանակում և համագործակցության մեծ հնարավորություններ կան:

՛՛Մենք սերտ փոխանակում ենք մեր մտքերը, մեր գաղափարները և համագործակցության շատ ավելի մեծ հնարավորություններ կան։ Այս բարդ աշխարհաքաղաքական ժամանակներում որոշիչ է, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղությանը։ Այս իրավիճակում հատկապես տնտեսական հարաբերությունները կարող են էլ ավելի խորանալ՛՛,- ասաց Բերբոքը:

Նա նաև հավելեց, որ տարածաշրջանում անհրաժեշտ է խաղաղություն, որպեսզի խոշոր ներդրումների հոսք լինի, տնտեսությունը զարգանա, ինչը նաև խթան կհանդիսանա վիզային ռեժիմի դյուրացմանը։

  • Կիսվել: