Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում. նախկին փոխարտգործնախարար
Իմ նախկին գործընկերները, ինչպես նաեւ ծանոթները, որոնք դեռ աշխատում են եվրոպական կառույցներում, հայտնում են, որ Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում, թեեւ ողջունում են միությանն անդամակցելու Երեւանի ձգտումը։ Այս մասին այսօր քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։
Նրա գնահատմամբ՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ դեմոկրատական զարգացման տեսակետից Հայաստանը պատրաստ չէ նման հարց բարձրացնելու համար։
Նա ենթադրել է, որ ԵՄ-ը կօգտագործի Երեւանի այդ ձգտումը իր նպատակներն առաջ տանելու համար՝ հակառուսական եւ հակաիրանական իր օրակարգի շրջանակում։ Ադոնցն ավելացրել է, որ Հայաստանը դարձել է պլացդարմ, որտեղ բախվում են այդ շահերը, այն դեպքում, երբ երկար տարիներ պաշտոնական Երեւանը դա թույլ չէր տալիս։
«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվե անցկացնելու մտադրության ներկա հայտարարություններն այն շրջանում, երբ լարվածությունը համաշխարհային քաղաքականությունում գտնվում է բարձրակետում, երբ մոլորակը կիսվել է ճամբարների, նշանակում է թիկունք դարձնել Ռուսաստանին եւ Իրանին եւ դեմքով շրջվել դեպի Արեւմուտք։ Մեր հիմնական մարտահրավերները կապված են անվտանգության հետ, եւ ԵՄ-ը ոչ մի գործիք այս հարցում չունի»,- ընդգծել է նախկին փոխարտգործնախարարը։
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին կասկածի տակ է դրել հանրաքվեի անցկացման նպատակահարմարությունը, ինչով հաստատել է այն գնահատականները, որոնց համաձայն՝ պլեբիսցիտի նախաձեռնությունը փիառ ակցիա է՝ արեւմտամետ կուսակցությունների վարկաւիշը բարձրացնելու համար, որոնք կառավարող կուսակցության դաշնակիցներն են։