ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել առաջիկայում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել առաջիկայում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ողջունելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և երկու երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացը:

«Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ դադարեցնելու երկարատև հակամարտությունը, ինչպես նաև այդ հարցում Միացյալ Նահանգների նշանակալի ներդրումը, որը հիմնված է վերջին տարիներին այդ թվում՝ ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Պատգամավորները կոչ են արել առաջիկայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը:

«Երկու երկրների միջև ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար հաղորդակցությունների բացման մասին քաղաքական համաձայնությունը, որը հիմնված է պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա, կարևոր առաջընթաց է։ Ընդգծում ենք երկրի հարավով երթուղու զարգացման և կառավարման հարցում Միացյալ Նահանգների և երրորդ կողմերի հետ գործակցելու՝ Հայաստանի մտադրությունը, ողջունում ենք ներդրումներ կատարելու՝ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը։ Այս կարևորագույն նախագծի իրականացումը կբացահայտի Հարավային Կովկասի հսկայական ներուժը: Տարածաշրջանը կդառնա առևտրի և տնտեսական բարգավաճման կենտրոն՝ փոխադարձաբար օգուտ բերելով բոլոր երկրներին»,- ասված է հայտարարությունում։

Պաշտոնյաները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի սահմանազատման գործընթացին, կհանգեցնի Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրսբերմանը։ Նաև եվրոպացի պաշտոնյաները կոչ են անում լուծել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և ԼՂ-ից տեղահանված հայերի հարցերը:

«Եվրամիությունը պատրաստ է հետագայում ևս նպաստել տարածաշրջանում կարգավորման գործընթացին։ Այն կարևոր է նաև Հայաստանի տնտեսական և պաշտպանական հարաբերությունների դիվերսիֆիկացման ջանքերի և եվրոպական ձգտումների համատեքստում»,- նշված է հայտարարությա մեջ:

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև նշել են, որ Թուրքիայի կառուցողական ներգրավվածությունը մեծ նշանակություն կունենա Վաշինգտոնում գրանցված առաջընթացի ամրապնդման համար։ «Կոչ ենք անում Անկարային՝ արձագանքել Հայաստանի պատրաստակամությանը՝ կարգավորելու երկկողմ հարաբերությունները և բացելու Հայաստան-Թուրքիա սահմանը»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: