ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև

Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև

Եվրոպական խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում քննարկվելու և քվեարկվելու է բանաձև Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ։ 

«Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը։ 

Եվրախորհրդարանի պատգամավորը հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, այդ համատեքստում Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ պահվածքին, ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին Բաքվից հնչող կեղծ մեղադրանքներին և այլ թեմաների։ 

-ԼԵռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտում, ռազմական ագրեսիա, պատերազմական հանցագործություններ։ Թվում է, թե Ադրբեջանն ամեն ինչ մարսել է և այսօր հենց ինքն է համարձակվում քննադատել ԵՄ-ին, վերջինիս օժանդակությունը Հայաստանին։ ԵՄ-ն լսում է այդ քննադատությունները, երբեմն նույնիսկ սպառնալիքները ու ի պատասխան նշում է, որ պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Ինչպիսի՞ աջակցություն եք Դուք պատկերացնում, որն իսկապես շոշափելի արդյունք կտա։ 

-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին արդյունավետ կերպով աջակցելու համար ԵՄ-ն պետք է առավել լուրջ քննադատության ենթարկի Ադրբեջանին՝  էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար։ Իրադարձությունները, որոնք Ալիևի վարչակարգի կողմից հստակ մշակված ռազմավարությամբ իրականացվեցին Լեռնային Ղարաբաղում, նպատակաուղղված էին էթնիկ հայ բնակչության տեղահանմանը։ Դա հանցագործություն է մարդկության դեմ և արտահայտում է ներկայիս մոտեցումների ձախողումը։ Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ԵՄ-ն ոչ միայն միջնորդությամբ պիտի արձագանքի, այլ նաև պետք է  հանդես գա Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հարգանքի պահանջով, նաև միաժամանակ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին, եթե այն չդադարեցնի ագրեսիվ գործունեությունը։

Հայերի էթնիկ զտումները դատապարտող Եվրախորհրդարանի բանաձևը ճիշտ ուղղությամբ արված քայլ է, սակայն ավելին է պահանջվում։ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները, որոնք ուղղված են ընդդեմ Պուտինի, չպետք է նպաստեն Ալիևի՝ որպես մեկ այլ հանցագործի գործունեության ծավալմանը։ ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ մասնավորապես հաշվի առնելով մարդու իրավունքների շարունակական խախտումները: Այն կարող է ներառել առևտրային համաձայնագրերի կամ գործընկերության վերանայումը, հատկապես Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ համագործակցությունը։ Եթե ​​ԵՄ-ն իրականում արժևորում է մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, ապա պիտի կարողանա ապացուցել, որ կարճաժամկետ տնտեսական շահերը չեն կարող գերազանցել սկզբունքային մոտեցումներին։ 

Ակտիվների սառեցման, ճամփորդությունների սահմանափակման և որոշ տնտեսական համաձայնագրերի կասեցմանն ուղղված պատժամիջոցների սահմանումն Ադրբեջանի դեմ հստակ ուղերձ կլինի, որ Եվրոպան չի հանդուրժում նման գործողություններ: Ավելին, ԵՄ-ն Հայաստանին տնտեսապես աջակցելով և երկրի համար անվտանգության երաշխիքներ ապահովելով, կարող է տարածաշրջանում հավասարակշռել ուժային դինամիկան և իրականում նպաստել խաղաղության շուրջ երկխոսությանը:

-Հայաստանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է հենց հիմա ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ Ադրբեջանը դրան զուգահեռ նորանոր պահանջներ է ներկայացնում խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Արդյոք սա չի՞ վկայում այն մասին, որ այդ երկիրը չի ցանկանում խաղաղության հասնել, ու ի՞նչ անելիք ունի ԵՄ-֊ն Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու առումով։

-Ես անմիջական փորձ ունեմ, թե ինչ է նշանակում բռնությամբ արմատախիլ լինել սեփական հայրենիքից: Ես հասկանում եմ նաև այն մարտահրավերները, որոնց բախվում են այն ժողովուրդները, որոնք հանդուրժում և ընդունում են նահանջի դիրքորոշում, ինչն ակնհայտ է Կիպրոսի և Հունաստանի դեպքում՝ Թուրքիայի հետ կապված:

Ճիշտ այնպես, ինչպես մենք Կիպրոսում և Հունաստանում մշտապես բախվում ենք Էրդողանի նեո-օսմանյան ռեժիմի աճող պահանջներին և անօրինական խախտումներին, նույն կերպ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել։ Ինչպես արդեն նշել եմ, նպատակային պատժամիջոցներն են, որ իրականում անհրաժեշտ է կիրառել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նկատմամբ՝ նրանց կառուցողական հարթություն բերելու համար։ Սա է այն նպատակը, որի համար մենք պետք է ձգտենք և աշխատենք։

Նման պատժամիջոցներով ոչ միայն կպատժվի վարչակարգն իր գործողությունների համար, այլ նաև կկանխվեն հետագա սրացումները, որով և պարզ կլինի, որ Եվրոպան հանձնառու է միջազգային իրավունքի արժեքներին՝ խաղաղությանը, այլ ոչ թե ագրեսիային։ Սակայն խաղաղության համար երկու կողմերի համաձայնությունն է պետք, և այստեղ էլ ակնհայտ է դառնում, թե որ կողմը խաղաղության նպատակ չունի։

-Ադրբեջանը Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունը որպես անօրինական և խաղաղության գործընթացին վնաս հասցնող գործոն է որակում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական ռեժիմի նման հայտարարությունները։ 

-Ես բազմիցս քննադատել եմ Ադրբեջանի կառավարությանը վերջին մի քանի տարիների ընթացքում իր ագրեսիվ և երբեմն հանցավոր գործողությունների համար, և ԵՄ-ի առաքելության օրինականության մասին նման հայտարարությունները մեկնաբանում եմ որպես տարածաշրջանում նրանց կողմից առավել լայն աշխարհաքաղաքական հավակնությունների արտացոլում։ Ավելի կոնկրետ՝ նման հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում իրենց շահերին, նրանք փորձում են ապալեգիտիմացնել և խաթարել միջազգային ջանքերը։ Սակայն ԵՄ-ն ձգտում է նպաստել տարածաշրջանի դեէսկալացիային, կայունությանը, խաղաղությանը և օրենքի գերակայությանը: Ավելին, նման հայտարարությունները կարող են ամրապնդել ներքին նարատիվներն Ադրբեջանի ներքին գործերին արտաքին միջամտության վերաբերյալ, կարող են ամրապնդել Ադրբեջանի՝ զոհ լինելու քարոզչությունը և այդպիսով նպաստել այդ երկրում ազգայնական տրամադրությունների ձևավորմանը։ 

Չնայած Ադրբեջանի պնդումներին՝ Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը միանգամայն լեգիտիմ է, քանի որ այն գործում է Հայաստանի կառավարության համաձայնությամբ՝ միջազգային նորմերին և օրենքներին համապատասխան։ 

Ավելին, չնայած ներկայիս միջազգային դժվարություններին՝ ԵՄ-ի համար շատ կարևոր է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության սկզբունքներին, այլապես այն կկորցնի իր արժեքները, ինչն էլ ցավալի հարված կհասցնի ԵՄ-ի հանդեպ վստահությանը համաշխարհային ասպարեզում:

-Մեկ ամիս հետո Բաքուն կհյուրընկալի COP29-ը, որին ընդառաջ բազմաթիվ միջազգային, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություններ ահազանգում են երկրում առկա բնապահպանական, օրենքի գերակայության, մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրների մասին։ Ադրբեջանն այս մտահոգությունները որակում է որպես սև քարոզչություն հայկական լոբբիի կողմից։ Որքանո՞վ են ԵԽ-ում ականջալուր այս հարցերին։ 

-Եվրոպական խորհրդարանը լրջորեն է արձագանքում  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից բարձրացված մտահոգություններին։ Թեև հնարավոր է, որ խորհրդարանը ուշ է պատասխանում, և թեև խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի միջև միշտ կան տարաձայնություններ Ադրբեջանին վերաբերող քննարկումների շուրջ, ամեն դեպքում, շրջակա միջավայրի դեգրադացիայի, օրենքի գերակայության բացակայության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ կարևորագույն հարցերը Եվրախորհրդարանը հետևողականորեն վերահսկում և լուծումներ է առաջարկում իր տարբեր հանձնաժողովների և բանաձևերի միջոցով: 

Փաստացի 2021 թվականից ի վեր Եվրախորհրդարանն ութ բանաձև է ընդունել ընդդեմ Ադրբեջանի։ Իսկ վերջերս ադրբեջանցի այլախոհ և ներկայում քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուն առաջադրվել է Սախարովի անվան մրցանակի՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր գործունեության համար: Ես՝ ի թիվս այլ համախոհ գործընկերների, հնարավորության դեպքում բարձրաձայնում եմ վերոհիշյալ խնդիրները խմբային հանդիպումների ընթացքում, ինչպես նաև գրավոր հարցերի և հայտարարությունների տեսքով՝ լիագումար նիստերի և հանձնաժողովի նիստերի ժամանակ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքներին հայկական լոբբիի հասցեին, դա ցինիկ փորձ է օրինական քննադատություններից ուշադրությունը շեղելու և բոլոր նրանց վստահությունը խաթարելու համար, որոնք բարձրացնում են այդ խնդիրները։

Խորհրդարանը միշտ ապահովում է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ համապարփակ ընկալում՝ իրականացնելով իր սեփական հետազոտությունները, ինչպես նաև հաշվի առնելով իր փոխգործակցությունը շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իրավապաշտպանները և տարբեր միջազգային կառույցներ: 

Վերոնշյալ բոլոր զարգացումների լույսի ներքո Եվրախորհրդարանն այս շաբաթ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում կքննարկի և կքվեարկի «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը։

 

  • Կիսվել: