երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հարցերով համազեկուցողները ընդգծել են Արցախի հարցով բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը

Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հարցերով համազեկուցողները ընդգծել են Արցախի հարցով բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անցյալ տարվա պատերազմը սարսափելի մարդկային ողբերգություն էր։ Այս մասին ասված է Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի եւ Ադրբեջանի հացով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին համատեղ հայտարարության մեջ:

Համազեկուցողները մասնավորապես ողջունում են այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020թ. նոյեմբերի 9 – ի համաձայնագրի ստորագրումից հետո, եւ որ, բացի ցավալի, բայց եզակի միջադեպերից, կրակի դադարեցումը պահպանվում է։ Սակայն այդքան անհրաժեշտ հաշտության հասնելու համար, նշում են նրանք, շատ ավելին է պետք։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման բանակցությունները՝ տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի վերաբերյալ, մնում են նույնքան անփոխարինելի, որքան նախկինում։

Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ շատ հստակ եւ հրապարակայնորեն հաստատել Մինսկի խմբի համանախագահների գլխավորած գործընթացում կրկին ընդգրկվելու իրենց պատրաստակամությունը՝ հիմնված խմբի հիմնական սկզբունքների վրա, որոնց հետ իրենք համաձայնեցին, ընդունելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, այն է՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք»,- ասված է հայտարարության մեջ։

Համազեկուցողները հատուկ շեշտում են,որ ԱՄՆ-ում նոր վարչակազմի ձևավորման պայմաններում Եվրախորհրդարանը և Եվրոպական միությունը պետք է շարունակեն աջակցել մինսկի պրոցեսին՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա։

«Հրադադարի մասին համաձայնագրի ամբողջական իրագործումն անհրաժեշտ առաջին քայլն է, եւ ցավալի է այն փաստը, որ ռազմագերիների փոխանակումը մինչ օրս ամբողջությամբ չի իրականացվել։

Մենք ողջունում ենք անցած շաբաթ ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը, եւ Ադրբեջանին դիմելը ՝ մյուսներին ազատ արձակելու խնդրանքով, ինչը կնպաստի տարածաշրջանում վստահության վերականգնմանը։

Մենք նաեւ կողմերին կոչ ենք անում ապահովել միջազգային կազմակերպությունների լիարժեք անարգել մուտքը տարածաշրջան՝ մարդասիրական օգնության եւ մշակութային ժառանգության պաշտպանության նպատակներով:

Այս հարցերի լուծումը պահանջում է բազմակողմանի ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը , ինչը կնպաստի հակամարտության կայուն կարգավորման որոնմանը», - ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: