հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե ընդդիմությունն ուզում է, որ Փաշինյանը դադարի լինել վարչապետ, դրա համար կա մեկ ճանապարհ. Ռուբինյան

Եթե ընդդիմությունն ուզում է, որ Փաշինյանը դադարի լինել վարչապետ, դրա համար կա մեկ ճանապարհ. Ռուբինյան

Կարծում եմ՝ ընդդիմադիրները պիտի մի քիչ ավելի լավ ուսումնասիրեն համաշխարհային պատմությունը, որովհետեւ բազմաթիվ դեպքեր կան, երբ երկրի ղեկավարները պատերազմի այս կամ այն արդյունքներից հետո շարունակել են պաշտոնավարել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե պատերազմից հետո Արտաքին գործերի նախարարը փոխվեց, պաշտպանական գերատեսչության ղեկավարը փոխվեց, իսկ գերագույն հրամանատարը մնաց, ընդդիմադիրներն ասում են, որ համաշխարհային պատմության մեջ այդպիսի դեպք չի գրանցվել, երբ գերագույն հրամանատարը պարտությունից հետո հրաժարական չներկայացնի։

Ռուբինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Վերջին օրերին ապացուցվել է, որ ընդդիմության դիրքորոշումներն այնքան էլ տրամաբանական չեն, որովհետեւ եթե ընդդիմությունն ուզում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարի լինել վարչապետ, դրա համար կա մեկ ճանապարհ՝ գալիս են, ստորագրում են հուշագիր արտահերթ ընտրությունների վերաբերյալ, եթե հաղթում են, Նիկոլ Փաշինյանը դադարում է լինել վարչապետ:

Խնդրում եմ, հիմա չհարցնեք՝ բա որ կեղծեք, որովհետեւ դա շատ անտրամաբանական հարց է, որովհետեւ վերջին տասնամյակներում միակ իշխանությունը, որի կառավարման օրոք կեղծվել է զրո ընտրություն, որի կառավարման օրոք իշխանական ուժը պարտվել է Կապանում եւ Աբովյանում, դա «Իմ քայլը» դաշինքն է: Տրամաբանական չէ, որ այնպիսի կուսակցություններ, որոնք իշխանության օրոք կեղծվել են բազմաթիվ ընտրություններ, մտահոգություն են հայտնում, որ այն կուսակցությունը, որի իշխանության օրոք կեղծվել է զրո ընտրություն, կանի դա՛՛:

  • Կիսվել: