կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե վաղը փաստաթուղթը ստորագրվեր` ես վստահ կասեի, որ դեպի խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապարհի 70 ամենադժվար տոկոսն անցել ենք. Վարչապետ

Եթե վաղը փաստաթուղթը ստորագրվեր` ես վստահ կասեի, որ դեպի խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապարհի 70 ամենադժվար տոկոսն անցել ենք. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անշնորհակալ գործ է համարում գնահատական տալ, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա:Նա նաև չմեկնաբանեց, թե ինչն է այցը չեղարկելու պատճառը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այն օրը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը վերահաստատի հավատարմությունը երեք այն հիմնարար սկզբունքներին, որ արձանագրված է, կարելի է խաղաղությունը համարել կայացած:

Հայաստանը, վարչապետի խոսքով, վերահաստատում է իր հավատարմությունը:

Նա շեշտեց նաև, որ երեք սկզբունքները տեղ են գտել այն փաստաթղթում, որը կարող էր ստորագրվել վաղը` Գրանադայում:

«Եթե այդ սկզբունքները վերահաստատվեր ու ստորագրվեր փաստաթուղթը, ես վստահ կասեի, որ մենք դեպի խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապարհի 70 տոկոսն անցել ենք, ընդ որում, 70 ամենադժվար տոկոսը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց. «Անշնորհակալ գործ է ուղղակի այս իրավիճակում գնահատականներ տալ, որովհետեւ գնահատականները անկախ նրանից՝ ինչքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, նրանք որոշակի ազդեցություն են ունենալու իրավիճակի վրա։ Կարծում եմ՝ այսօր կարեւոր  խնդիր է, որ մենք կարողանանք այնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի, եւ շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա Այդ սկզբունքների մեջ ոչ մի նոր բան չկա, դրա մասին գիտեն բոլորը: Այդ սկզբունքներն արձանագրված են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հայտարարությանը հետեւած հայտարարության մեջ, որը արել է ԵՄ նախագահը, այդ սկզբունքները հետեւյալն են, որ 2 երկրները՝ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը՝ 29,800 կմ2 է, Ադրբեջանինը՝ 86,600 կմ2, երկրորդը՝ Ալմաթիի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի եւ հետագայում նաեւ դեմարկացիայի համար»:

Նրա խոսքով՝ կարեւոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի եւ համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա է արվելու դեմարկացիան եւ դելիմիտացիան․

«Դա պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ որ այդ մեր դիրքորոշումը այսպես՝ շատ կարծր է։ Երրորդը տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության եւ փոխադարձության  սկզբունքի վրա։ Եթե Ադրբեջանը հրապարակային այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը ընդամենը կարճ ժամանակի հարց է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները ասում են, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությանը այդ սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջացնում, որ իրենք խաղաղություն ասելով նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո։ Եթե իրենք այդ 3 սկզբունքներին վերահաստատում են իրենց հավատարմությունը, ապա կարող ենք համարել խաղաղությունը գործնականում կայացած»։

  • Կիսվել: